
Հունիսի 10-ին տրվել է բուհերի ընդունելության 2025 թվականի միասնական քննությունների հիմնական փուլի մեկնարկը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Քննությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր այցելել են Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ «Քիմիա» առարկայից միասնական քննությանը մասնակցել է 120 դիմորդ:
Քննական գործընթացի մեկնարկից առաջ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ, շրջել է քննասենյակներում և զրուցել դիմորդների հետ: Նախարարը հաջողություն է մաղթել դիմորդներին և հետաքրքվել քննություններին նախապատրաստվելու, մասնագիտական նախընտրությունների, ինչպես նաև առաջին փուլի մասնակցության արդյունքների և այլնի մասին։
ԳԹԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ քննական առաջին օրը հանրապետությունում «Քիմիա» առարկայից միասնական քննություն է հանձնելու 1174 դիմորդ (495-ը՝ Երևանում), «Ռուսաց լեզու» առարկայից՝ 309 դիմորդ (78-ը՝ Երևանում): «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների համար Երևանում ու մարզերում գործում է 16 քննական կենտրոն. 11-ը՝ մարզերում, 5-ը՝ Երևանում։ Բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլում ընդհանուր առմամբ գործելու է 46 քննական կենտրոն, որոնցից 17-ը՝ Երևանում, 29-ը՝ մարզերում։
Միասնական քննությունների հիմնական փուլին մասնակցելու նպատակով հայտագրվել է 15 970 դիմորդ: Այս թիվը ներառում է նաև շուրջ 3 000 ներբուհական քննությունների համար հայտագրվածների թիվը։ 2025 թվականի հունվարին միայն միասնական քննություններին մասնակցելու համար դիմել էր 11 հազար 608 դիմորդ։