
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կարծում է, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զբաղվի հեղուկ գազի շուկայում գների փոփոխության հարցով։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Միայն երեկ ՀՀ է մտել հեղուկ գազով բեռնված 77 մեքենա։ Վերջին 1 շաբաթում թիվը կազմել է 331 մեքենա։ Կարծում եմ ժամանակն է, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զբաղվի հեղուկ գազի շուկայում գների փոփոխության հարցով»,- գրել է Պապոյանը։
Հայաստանում հեղուկ գազի գները վերջին օրերին բարձրացել են՝ կապված վրացական կողմի հարուցած խոչընդոտների հետ, որոնց հետևանքով ՌԴ-ից ՀՀ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարները չէին կարողանում մուտք գործել ՀՀ՝ կանգնած մնալով վրացական «Գեզի» անցակետում։ Որոշ ժամանակ անց, սակայն, վրացական կողմը սկսեց բաց թողնել հեղուկ գազ տեղափոխող հայկական բեռնատարները։