
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ-ական պատգամավորն անդրադարձել է Դաշնակցության երիտասարդների ու անդամների նկատմամբ վերջին օրերին իրականացվող քրեական հետապնդումներին՝ հայտարարելով, որ տեղի ունեցողը քաղաքական գործընթաց է և ուղղված է ամբողջ կառույցի դեմ։
«Ճիշտն ասած՝ համարձակվում եմ կանխատեսել․ այն հոդվածը, որով միջնորդեցին, որ Արթուր Սարգսյանը զրկվի անձեռնմխելիությունից ու ձերբակալեցին, փոխվելու է։ Իրենք իրենց առաջադրած հոդվածը փոխելու են ահաբեկչության կազմակերպման։ Ուզում եմ հիշեցնել՝ անգամ 2016-ին, երբ ՊՊԾ գունդը գրավվեց, ոստիկաններ զոհվեցին, պատանդներ վերցվեցին, այդ դեպքում անգամ չդրվեց ահաբեկչության հոդված։ Դա ամենածանր հանցագործություններից է, որի համար պետք է շատ լուրջ ապացույցային բազա։ Իսկ հիմա իրենք ներկայացնում են, օրինակ, զեղչի քարտ, բանկային քարտ՝ որպես ահաբեկչության ապացույց», - ասաց պատգամավորը։
Նա ընդգծեց, որ Դաշնակցության երիտասարդների ներկայացրած շապիկներն ու սթրայքբոլի պարագաները նույնպես որակվել են որպես ահաբեկչության ապացույց։ «Սա ծիծաղելի է։ Յոթ մարդ հիմա կալանավորված է, նրանց մեղքն այն է, որ Անդրանիկ Չամիչյանի հետ խոսել են հեռախոսով։ Քննիչներն ուղղակի բացել են հեռախոսը, պատահականության սկզբունքով ընտրել մարդկանց, որոնք ավելի կազմակերպական կապ ունեն Դաշնակցության հետ։ Սա կատարվել է ոչ թե անհատներին մեղադրելու, այլ կառույցին ահաբեկչության մեջ ներգրավելու նպատակով», - հայտարարեց նա։
Ըստ պատգամավորի՝ կատարվող գործողությունները նպատակ ունեն ապահովելու քաղաքական ֆոն: «Ես չեմ կարծում, որ կարող են յոթին կալանավորել։ Սա իրենց պետք էր, որ ունենային մեղադրանքի ֆոն՝ հայտարարելու, որ Դաշնակցությունը պետք է փակել։ Պաշտոնապես ասում եմ՝ մենք երբեք չենք պլանավորել ահաբեկչություն։ Դաշնակցությունը երբեք զենքը չի ուղղել հայի դեմ։ Մենք զենքը միշտ պահել ենք թշնամու դեմ»։
Պատգամավորն անդրադարձավ նաև Անդրանիկ Չամիչյանի ձերբակալությանն ու մեղադրանքներին: «Նրան սկզբում մեղադրեցին պայթյուններ կազմակերպելու մեջ, հետո այդ մեղադրանքից հրաժարվեցին, բայց ահաբեկչության կազմակերպման մասը թողեցին։ Նրա տնից առգրավված իրերն առնչություն չունեն նման հանցագործության հետ։ Հետո խոսվեց F1 տիպի չեզոքացված նռնակի մասին՝ ոչ մարտական վիճակում գտնվող։ Այդ նռնակով ի՞նչ ահաբեկչություն կարելի է կազմակերպել։ Սթրայքբոլի խաղալիքներ են ներկայացվում որպես ահաբեկչական իրեղեն ապացույց», - հայտարարեց նա:
Վարդանյանի խոսքով՝ նման մեղադրանքներով փորձում են ոչ թե բացահայտել հանցագործություն, այլ մոբիլիզացնել հանրային վախը և քաղաքական հաշվեհարդար տեսնել:
«Ասում են՝ մենք մեր թիմում չենք քննարկել Դաշնակցությունը փակելու հարցը։ Բայց այդ հայտարարությունները հնչում են հենց այս գործողությունների ֆոնին։ Սա քաղաքական արշավ է՝ ինչպես իրականացվում է եկեղեցու դեմ»,- ասաց նա։
Հարցին՝ նպատակը ո՞րն է, նա պատասխանեց. «Դաշնակցությունը գաղափար է: Դաշնակցությունն անձերի մի խումբ չէ, այլ գաղափարի շուրջ համախմբված մարդիկ։ Կարող եք ձերբակալել ինձ, գալու են հաջորդները, ավելի վճռականները։ Պայքարը շարունակվելու է՝ ինչպես շարունակվել է 135 տարի։ Այսօր գործողությունները հիշեցնում են Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի՝ ցեղասպանությանը նախորդած արշավները»։
Անդրադառնալով իրավապաշտպանության հարցերին՝ նա ընդգծեց, որ ձերբակալվածների մի մասի համար հնարավոր չի եղել ապահովել փաստաբանի ներկայություն։ «Երեկ միայն մի մասի համար է հաջողվել փաստաբաններ բերել։ Մյուս փաստաբանները բոյկոտել են։ Հիմա աշխատում ենք ապահովել բոլորի պաշտպանությունը»։
Պատգամավորը նաև զգուշացրեց․ նման մեղադրանքների և ձևական ապացույցների առկայությունը հանգեցնում է նրան, որ հասարակությունը լրջորեն չի վերաբերվի իրական ահաբեկչության ռիսկերին:
«ՔՊ-ն եթե հիմա նույնիսկ իսկական ահաբեկչություն բացահայտի, իրենք այնքան են անլրջացրել ու քաղաքականացրել թեման, որ մարդիկ չեն հավատալու։ Իրենց գործողություններով իրենք են անլրջացրել այդ ամենը։ Ասում են՝ ահաբեկչություն նախապատրաստելը վտանգ է, բայց եթե իրենք են անընդհատ հայտարարում, որ շուտով Վեհարանի վրա են հարձակվելու, այդ վախի մթնոլորտը իրենք են ստեղծում։ Եթե Հայաստանում մի խմբակ իրականում ահաբեկչություն է իրականացնում սեփական ժողովրդի դեմ, դա հենց այս իշխանությունն է», - ասաց նա։
Ըստ պատգամավորի՝ Հայաստանի բանտերը ռեզինից չեն։ «Բոլոր դժգոհներին չեն կարող բանտարկել։ Մենք շարունակելու ենք պայքարը։ Եթե վախենանք, իրենք կկարողանան իրականացնել Ադրբեջանի բոլոր պահանջները։ Մեր նպատակը դա թույլ չտալն է», - եզրափակեց նա: