Զելենսկու հայտարարությունից հետո թուրքական Pe...

Թուրքիայի խոշորագույն մասնավոր ավիաընկերությունը՝ Pegasus-ը, սեպտեմբերի 2-ի գիշերը հետ է շրջել Մոսկվա թռչող մի քանի ինքնաթիռ, գրում են «Осторожно, новости»-ն և «Пост»-ը։ Դա տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի օդային տարածքը փակելու սպառնալիքից հետո։

Մասնավորապես, մեկնման օդանավակայաններ են վերադարձել Բոդրում—Մոսկվա РС1456, Իզմիր—Մոսկվա РС1521 և Անթալիա—Մոսկվա РС1576 չվերթներով ընթացող ինքնաթիռները։ Առավոտյան ավիաընկերությունը չեղարկել է Ստամբուլից Մոսկվա և Պետերբուրգ, ինչպես նաև Անթալիայից, Իզմիրից և Դալամանից ռուսական քաղաքներ մի քանի տասնյակ չվերթներ։ Չեղարկվել են նաև Ռուսաստանից հակադարձ չվերթները։

Pegasus-ի ներկայացուցիչը չեղարկված չվերթներից մեկի ուղևորներին հայտնել է, որ «թուրքական կողմն արգելում է թռիչքները», և ընկերությունում չգիտեն, թե ինչ սպասել հետո։ Ռուսաստանում Pegasus-ի ավիատոմսերի վաճառքի կետերում ասել են, որ իրենց «հայտնի չէ», թե արդյոք ավիաընկերության ինքնաթիռները կթռչեն Մոսկվա, և չեն կարողացել կողմնորոշել մոտակա չվերթների հարցում։

«Осторожно, новости»-ի հաշվարկների համաձայն՝ անցած գիշեր անօդաչուների սպառնալիքի պատճառով մոսկովյան օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է մոտ 80 չվերթ։ Մասնավորապես, Շերեմետևոյում ժամանակացույցի փոփոխությունները ազդել են 40 չվերթի վրա, Դոմոդեդովոյում՝ 20-ի, իսկ Վնուկովոյում՝ 17-ի։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ընդհանուր առմամբ գիշերվա ընթացքում Ռուսաստանի 11 շրջանների, այդ թվում՝ Մոսկվայի մարզի, ինչպես նաև անեքսված Ղրիմի վրա խոցվել է 130 ուկրաինական անօդաչու։

Նախօրեին Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի օդային տարածքը «փաստացի կփակվի»։ «Մենք ուզում ենք նախազգուշացնել յուրաքանչյուր ավիաընկերության, որն օգտագործում է ռուսական օդային տարածքը, յուրաքանչյուր ապահովագրողի և բոլոր նրանց, ովքեր շարունակում են օգտվել ռուսական առանցքային օդանավակայաններից. ռուսական օդային տարածքը դառնում է ամբողջությամբ ոչ անվտանգ», — ասել է Զելենսկին։ Նա ճշտել է, որ Կիևը չի հարձակվելու քաղաքացիական ինքնաթիռների վրա, սակայն ռուսական երկնքում կլինեն անօդաչուներ «այնպիսի մասշտաբներով, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել»։ Առաջին հերթին, նրա խոսքով, դա կազդի Մոսկվայի, Պետերբուրգի և այլ կարևոր նշանակման կետերի վրա։

Վլադիմիր Պուտինը Զելենսկու հայտարարությունն անվանել է «պետական ահաբեկչության հայտ»։ «Մենք կգտնենք, թե ինչով պատասխանել։ Թող ոչ ոք չկասկածի», — ասել է Պուտինը։ Տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինն էլ, իր հերթին, խոստացել է թույլ չտալ քաղաքացիական ավիացիայի աշխատանքի մեջ «որևէ նշանակալի ընդհատումներ»։ «Մենք միանշանակ կհաղթահարենք սա առաջիկա տարիներին», — եզրափակել է Նիկիտինը։