Զելենսկին Թրամփի բանագնացի հետ քննարկել է զեն...

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպում է անցկացրել ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելոգի հետ։ Զելենսկին սոցցանցերի իր էջերում գրել է, որ հանդիպումն արդյունավետ է եղել։

«Մենք քննարկել ենք դեպի խաղաղություն ուղին և այն, թե գործնականում ինչ կարող ենք անել միասին՝ այն մոտեցնելու համար։ Դա ներառում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը, համատեղ արտադրությունը, Եվրոպայի հետ համատեղ պաշտպանական զենքի գնումը։ Եվ, իհարկե, Ռուսաստանի և նրան աջակցողների դեմ պատժամիջոցները», - գրել է Զելենսկին Telegram-ում։

Ուկրաինայի նախագահը նաև ընդգծել է, որ Կիևը Վաշինգտոնից սպասում է առաջնորդային դեր Ռուսաստանի ագրեսիայի զսպման գործում։

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Քելոգին Կիև կատարած այցի համար, ինչպես նաև երախտագիտություն հայտնել Դոնալդ Թրամփին «աջակցության կարևոր ազդանշանների» և երկու երկրների համար դրական որոշումների համար։