Զելենսկին փոխվարչապետ Յուլյա Սվիրիդենկոյին առ...

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է գործադիր իշխանության համակարգի փոխակերպման մասին։ Նա առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոյին առաջարկել է գլխավորել Ուկրաինայի կառավարությունը և զգալիորեն թարմացնել դրա աշխատանքը։ Այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։

Զելենսկին նշել է, որ մոտ ապագայում ակնկալում է, որ նախարարների նոր կաբինետը կներկայացնի իր գործողությունների ծրագիրը։

Զելենսկին նշել է, որ Սվիրիդենկոն իրեն զեկուցել է Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ վերջերս կայացած համաժողովի շրջանակներում ձեռք բերված պարտավորությունների կատարման մասին։

«Քննարկել ենք կոնկրետ միջոցառումներ, որոնք կարող են ամրապնդել Ուկրաինայի տնտեսական ներուժը, ընդլայնել քաղաքացիներին աջակցելու ծրագրերը և մեծացնել զենքի արտադրությունը», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Ուկրաինայի վարչապետի պաշտոնը 2020 թվականի մարտից զբաղեցնում էր Դենիս Շմիհալը։ «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը նշում է, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ վարչապետ Շմիհալը պաշտոնաթող կլինի, և նրան փոխարինող են փնտրում։