
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լրագրողներին հայտնել է, որ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատանքի մասին նոր օրինագծի համաձայն՝ այս մարմինը չի ենթարկվի գլխավոր դատախազությանը։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Զելենսկին հուլիսի 24-ին Գերագույն ռադա է ուղարկել Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի մասին նոր օրինագիծ, որը պետք է փոխարինի Ուկրաինայի խորհրդարանի կողմից անցյալ շաբաթ հաստատված օրենքին։ Ուկրաինայում բողոքի ցույցեր էին սկսվել այն բանից հետո, երբ Գերագույն ռադան հաստատել, իսկ Զելենսկին ստորագրել էր Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության մասին օրենքը, որով այդ մարմիններն անցնում էին գլխավոր դատախազի վերահսկողության տակ։ Մարդիկ մտահոգված էին, որ օրենքը խաթարում է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը։
ԵՄ ներկայացուցիչները նույնպես մտահոգություն էին հայտնել օրենքի ընդունման կապակցությամբ։
«Մարդիկ փոփոխություններ են խնդրել։ Մենք արձագանքել ենք», - լրագրողներին ասել է Զելենսկին՝ մեկնաբանելով նոր օրինագիծը Գերագույն ռադային ներկայացնելու իր որոշումը։
«Եթե օրենսդիրների կողմից նախանշված որոշ փոփոխությունների պատճառով կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների անկախությունը կորցնելու վտանգ կա, ապա մենք պետք է ազատվենք այդ ռիսկերից», - հավելել է նախագահը։
Զելենսկին նաև նշել է, որ հակակոռուպցիոն բյուրոն չի ենթարկվի գլխավոր դատախազությանը։
«Շատ կարևոր է, որ հասարակությունը խոսի։ Ես հարգում եմ հասարակության կարծիքը։ Եվ կարծում եմ, որ միանգամայն նորմալ է արձագանքել, երբ մարդիկ ինչ-որ բան չեն ուզում, երբ մարդկանց դա դուր չի գալիս։ Դա նորմալ է։ Մարդիկ իրավունք ունեն ասելու այն, ինչ մտածում են։ Մարդիկ ասել են՝ ամեն ինչ պետք է լինի օրենքի համաձայն։ Ինձ համար շատ կարևոր էր, որ մենք լսենք և համարժեք արձագանքենք», - ասել է Ուկրաինայի նախագահը։