Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խաղաղության բանակցությունների համար ժամանել է Շվեյցարիա, որտեղ՝ Դավոսում այս օրերին տեղի է ունենում Համաշխարհային տնտեսական համաժողովը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Շաբաթվա սկզբին Զելենսկին հայտարարել էր, որ չի մասնակցելու համաժողովի աշխատանքներին և մնալու է Կիևում՝ կենտրոնանալու ռուսական ավիահարվածներից հետո ի հայտ եկած էներգետիկ ճգնաժամի հաղթահարման ուղղությունների վրա։
Ուկրաինայի նախագահը հավելել էր նաև, որ Դավոս կմեկնի միայն այն պայմանով, եթե հնարավորություն լինի համաձանություն կնքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ վերջ տալու իր երկրում չորս տարի շարունակվող պատերազմին՝ ստանալով անվտանգային երաշխիքներ ու ֆինանսավորում հետպատերազմական վերականգնման նպատակով։
Սակայն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում հայտարարեց, որ հունվարի 22-ին հանդիպելու է Զելենսկու հետ։ Այս տեղեկությունից հետո միայն պաշտոնական Կիևը հաստատեց Զելենսկու՝ Շվեյցարիա մեկնելու տեղեկությունը։
Ավելի վաղ ուկրաինական կողմի ներկայացուցիչների հետ Դավոսում հանդիպել էր Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ով արդեն այսօր Ջարեդ Քուշների հետ միասին Մոսկվայում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։



