Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ շաբաթվա վերջին ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները կշարունակեն աշխատանքները խաղաղության ծրագրի դրույթների վրա։
Այս մասին Զելենսկին նշել է X-ում գրառման մեջ։
«Շաբաթվա վերջում մեր թիմն ԱՄՆ ներկայացուցիչների հետ միասին կշարունակի Ժնևում ձեռք բերված կետերը վերածել այնպիսի ձևի, որը մեզ կդնի խաղաղության և անվտանգության երաշխիքների ճանապարհին։ Կկայանա պատվիրակությունների հանդիպում, և ուկրաինական պատվիրակությունը լավ պատրաստված կլինի ու կկենտրոնանա էական աշխատանքի վրա», - նշել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը սերտ կապի մեջ է ամերիկյան կողմի և եվրոպացի բարեկամների հետ։ Զելենսկին երախտագիտություն է հայտնել նաև աշխարհի այլ մասերում գտնվող իր գործընկերներին Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցելու համար։
«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու, որ Ուկրաինան ունենա բավարար պաշտպանական աջակցություն», - նշել է նա։



