Զելենսկին հայտարարել է, որ Թրամփը պատերազմը դ...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս «պաշտոնական» ծրագիր չունի՝ վերջ դնելու Ուկրաինայում պատերազմին։ «Ինչ կա որոշակի հրապարակումների մեջ… Ես վստահ եմ, որ դա նախագահ Թրամփի պաշտոնական պլանը չէ», - ասել է Զելենսկին։ Նա նախազգուշացրել է, որ շուտով շատ տեղեկություններ կլինեն «Կիևում, ոչ Կիևում» պատրաստվող պոտենցիալ ծրագրի մասին, և որ այդ զեկույցներից մի քանիսը կարող են համապատասխանել իրականությանը, բայց դրանցից շատերը չեն համապատասխանի:

Զելենսկու խոսքով՝ Կիևը պատերազմի ավարտի ծրագրի «տեսլական» ունի, և «հատուկ բաներ» արդեն քննարկվել են ամերիկյան կողմի հետ՝ նույնիսկ Թրամփի երդմնակալությունից առաջ։ «Մեր թիմերը միասին են աշխատելու, որևէ մեկից առանձին պլան չի կարող լինել, նույնիսկ ԱՄՆ-ից»,- նշել է Ուկրաինայի նախագահը։ Նա կոչ է արել սպասել պաշտոնական բանակցությունների մեկնարկին ու դրանց առաջին արդյունքներին։ Դեռևս ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելուց առաջ Թրամփը խոստացել էր Սպիտակ տանը գտնվելուց հետո որքան հնարավոր է շուտ ավարտել Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ։ Հունվարի 20-ին նրա երդմնակալությունից առաջ Թրամփի խորհրդականները նրան տարբեր տարբերակներ են առաջարկել։ Դրանցից մեկը ներկայացրել է Քիթ Քելոգը, ով հետագայում դարձել է ԱՄՆ նոր վարչակազմում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնացը։ Ծրագիրը ներառում է ռազմական գործողությունների սառեցում ներկայիս ռազմաճակատի երկայնքով և ստիպել Մոսկվային և Կիևին խաղաղ բանակցությունների մեջ մտնել: