
Վլադիմիր Զելենսկին հեռացել է Կանադայում կայացած G7 գագաթաժողովից՝ չապահովելով այն աջակցությունը, որն ակնկալում էր, երեքշաբթի հաղորդել է The Wall Street Journal (WSJ) թերթը։ Պարբերականը նաեւ նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ գագաթաժողովից վաղաժամ հեռանալը ստվերել է Զելենսկու մասնակցությունը, որը Կանանասկիս էր ժամանել ԱՄՆ առաջնորդի Կանադայից հեռանալուց հետո: Որոշ արեւմտյան պաշտոնյաներ մտահոգված են, որ ԱՄՆ-ը ձգտում է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ կրճատում է Կիեւին տրամադրվող օգնությունը, ավելացրել է WSJ-ն:Թերթն ուշադրություն է հրավիրել G7-ի նախորդ հաղորդագրությունների եւ G7 գագաթաժողովի նախագահ, Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի երեքշաբթի հրապարակած հայտարարության միջեւ եղած տարբերությանը։ Քանի որ G7-ը չի կարողացել համաձայնության գալ Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության շուրջ, Կանադայի վարչապետը առանձին հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ G7-ի առաջնորդները ողջունում են Թրամփի ջանքերը ուկրաինական հակամարտությունը լուծելու ուղղությամբ եւ նաեւ ցանկանում են մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա, այդ թվում՝ պատժամիջոցների միջոցով։ Սակայն պարբերականը նշել է, որ G7-ի նախորդ հաղորդագրությունները պարունակում էին ավելի կոշտ ձեւակերպումներ, այդ թվում՝ «ռուսական ներխուժումը դատապարտող» եւ Ուկրաինային «անսասան աջակցություն» խոստացող։ Թրամփը հունիսի 16-ին G7 գագաթաժողովից հեռացել է նախատեսվածից շուտ։ Սպիտակ տունը նշել է, որ նա պետք է հասցներ լուծել «բազմաթիվ կարեւոր հարցեր»։