Զարիֆը մեկնաբանել է իր մասնավոր զրույցի ձայնա...

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ափսոսանք է հայտնել տնտեսագետ Սաիդ Լիլյազի հետ իր մասնավոր զրույցի ձայնագրության` ԶԼՄ-ներում արտահոսքի առնչությամբ  և հայտարարել, որ ձայնագրության հրապարակումը վերածել են ներքին կոնֆլիկտի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Խորապես ցավում եմ, որ դիվանագիտության և մարտի դաշտի միջև սիներգիայի շուրջ կարծիքների գաղտնի փոխանակումը, որի նպատակն է ապագա կառավարության կողմից անցյալ ութ տարվա արժեքավոր փորձի օգտագործումը, վերածվում է ներքին վիճաբանության»,- հայտնել է իրանցի նախարարը:

Իրանի ԱԳ նախարարի 3 ժամանոց հարցազրույցի ձայնագրությունը հայտնվել է Iran International հեռուստաալիքի խմբագրությունում։ Ձայնագրության կրկնօրինակը կա նաև BBC պարսկական ծառայության մոտ։ Զարիֆը այդ հարցազրույցը տվել է մարտին, բայց պետք է եթեր դուրս գար այն բանից հետո, երբ նախագահ Հասան Ռոհանին կհեռանար իշխանությունից հունիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրութուններից հետո։

Հիշեցնենք, որ կիրակի տվյալ հարցազրույցի ձայնագրության առանձին մասեր  էին հրապարակվել լրատվամիջոցներում: Զրույցի ընթացքում Զարիֆը խոսել էր Թեհրանի արտաքին քաղաքականության հարցում «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» մեծ դերակատարման մասին: Վերջինը նաև նշել էր, որ Մոսկվայի հետ բանակցություններում մեծ դեր է կատարել ԻՀՊԿ հրամանատար Ղասեմ Սոլեյմանին, որը սպանվել է մեկ տարի առաջ Իրաքում: