Զանգեզուրի միջանցքը ռազմավարական նշանակությու...

Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ներկայացուցիչները Բաքվում քննարկում են «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը։ Քննարկումը տեղի է ունենում ԹՊԿ անդամ երկրների ՀԿ-ների «Համերաշխության ֆորումի» շրջանակում, հայտնում է ԱՊԱ-ն։

«Զանգեզուրի միջանցքը թյուրքական աշխարհի միասնության խորհրդանիշ է», — հայտարարել է CAREC նախագծային գրասենյակի տնօրեն Մերգեն Կեպբանովը։ Ըստ նրա, «Զանգեզուրի միջանցքը ստեղծում է պայմաններ թյուրքական աշխարհում համագործակցության զարգացման համար՝ տնտեսական, մշակութային ոլորտներում, հասարակական դիվանագիտության ամրապնդման և այլ ուղղություններով։ Թուրքմենստանը պատրաստ է ամրապնդել համագործակցությունը թյուրքական աշխարհի բոլոր երկրների հետ բոլոր ուղղություններով»։

Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի Օրենսդրական պալատի կոմիտեի նախագահ, «Յուքսալիշ» շարժման ղեկավար Բաբուր Բեկմուրադովը նշել է․ «Զանգեզուրի միջանցքը ռազմավարական նշանակություն ունի թյուրքական աշխարհի և ընդարձակ եվրասիական տարածքի համար։ Այն Միջին միջանցքի մաս է, որը միավորում է Արևելքն ու Արևմուտքը։ Զանգեզուրի միջանցքը մեզ համար կդառնա ամենակարճ և ամենահարմար տարանցիկ ուղին։ Այն կբերի շահույթ՝ լոգիստիկայի և ծախսերի կրճատման տեսանկյունից։ Մյուս կողմից՝ այս միջանցքը կնպաստի արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանն ու զարգացմանը։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի փոխկապակցվածությունը Զանգեզուրի միջանցքի շնորհիվ դուրս է գալիս նոր փուլ։ Մենք հասկանում ենք, որ նման նախագծերի իրագործման համար անհրաժեշտ են խաղաղություն և կայունություն։ Այս համատեքստում Ուզբեկստանը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին»։

Թուրքիայի ՆԳՆ քաղաքացիական հասարակության հետ կապերի գլխավոր վարչության փոխտնօրեն Օզջան Այգյունն իր հերթին նշել է․ «Զանգեզուրի միջանցքի լիարժեք գործարկումը պատմական իրադարձություն կլինի և զգալի ներդրում կունենա տարածաշրջանի և աշխարհի տնտեսության մեջ»։ Ըստ նրա, միջանցքը առաջին հերթին էական օգուտներ կբերի տարածաշրջանի և առանձին երկրների տնտեսությանը, ինչպես նաև համաշխարհային տնտեսությանը․ «Եթե Սուեզի ջրանցքի բացումը մեծ առավելություններ բերեց տարածաշրջանի երկրներին և գլոբալ տնտեսությանը, ապա Զանգեզուրի միջանցքը կդառնա լուրջ փոփոխությունների սկիզբ տարածաշրջանի տնտեսության մեջ», — ընդգծել է նա։