«Զանգեզուրի միջանցքը» կարող է լրացուցիչ հնարա...

Ադրբեջանը քաղաքական, ռազմական և ռազմաքաղաքական միջոցներով ամբողջությամբ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այս մասին Անթալիայի V դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացվող պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Հիքմեթ Հաջիևը նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումն առանձնահատուկ նշանակություն ունի տարածաշրջանային տեսանկյունից.«Ադրբեջանը առաջնորդություն է ցուցաբերել այս գործընթացում, և հակամարտությունն արդեն անցյալում է մնացել։ Մեր երկիրը քաղաքական, ռազմական և ռազմաքաղաքական միջոցներով ամբողջությամբ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։ Նախագահի օգնականն ընդգծել է, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, և անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ ղեկավարության մասնակցությամբ համապատասխան համաձայնագիրը նախաստորագրվել է։ Անդրադառնալով տարածաշրջանային փոխկապակցվածության նախագծերի նշանակությանը՝ նա ընդգծել է, որ Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ համատեղ զարգացնում է անդրկասպյան տրանսպորտային նախագծերը։Նրա խոսքով՝ այս ուղղությամբ կարևոր դեր է խաղում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, իսկ «Զանգեզուրի միջանցքը» կարող է լրացուցիչ հնարավորություններ ստեղծել։ Նախագահի օգնականն ընդգծել է, որ տարածաշրջանային սուբյեկտությունը չի նշանակում մեկուսացում, ընդհակառակը, նման մոտեցումը լայն հարթակ է ստեղծում այլ տարածաշրջանների հետ համագործակցության համար։