
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական անգամ Արևմուտքին մեղադրել է Հարավային Կովկասում կայունությունն ու անվտանգության հիմքերը խաթարելու փորձերի մեջ։
Զախարովան այդ մասին խոսել է հուլիսի 24-ին կայացած ճեպազրույցի ընթացքում։
Զախարովան նշել է, որ Արևմուտքը փորձում է դուրս բերել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը տարածաշրջանային համատեքստից և այն ծառայեցնել սեփական աշխարհաքաղաքական շահերին։
«Հայաստանն ու Ադրբեջանը այժմ կառուցողական եւ փոխընդունելի լուծումներ են փնտրում՝ տարածաշրջանի առանցքային դերակատարների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի աջակցությամբ։ Սակայն Արեւմուտքը շարունակում է միջամտել այս գործընթացին՝ անտեսելով տարածաշրջանի երկրների շահերը և առկա ձևաչափերը»,- նշել է Զախարովան:
Նա ընդգծել է, որ նման մոտեցումները կարող են խախտել տարածաշրջանային անվտանգության համակարգը եւ վնասել ինքնաբավության սկզբունքին, որը, ըստ Ռուսաստանի, առանցքային է Հարավային Կովկասի կայունության համար։
Անդրադառնալով հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային՝ Զախարովան նշել է, որ ԱՄՆ-ն այդ հարցում ներկայացրել է իր տեսլականը, սակայն այն չի կարող փոխարինել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի ձեռքբերումներին։
«Ռուսաստանը համոզված է, որ Վաշինգտոնի առաջարկած լուծումները դուրս չեն գալիս այդ շրջանակներից և չեն ապահովում իրական առաջընթաց։ Տարածաշրջանում գործող ենթակառուցվածքները լիովին համապատասխանում են ԱՊՀ ստանդարտներին, իսկ Հայաստանի համար լրացուցիչ ուղեցույց են ԵԱՏՄ չափորոշիչները և ընդհանուր մաքսային տարածքի կանոնները», – նշել է նա։