
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ էթնիկ հողի վրա ատելություն հրահրելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մտադիր է օգտագործել ռուս-ադրբեջանական առկա հակասությունները՝ էթնիկ հողի վրա ատելություն և թշնամանք հրահրելու համար։ Մասնավորապես, մեզ հայտնի են ծրագրերը՝ օգտագործելու Ռուսաստանից փախստականներին, որոնք պատրաստ են վարձատրության դիմաց դիվերսիաներ իրականացնել Ադրբեջանի քաղաքացիների, ներկայացուցչությունների և մշակութային օբյեկտների դեմ՝ Ռուսաստանի դրոշի ներքո», - ասել է դիվանագետը։
«Գաղափարն այն է, որ նման սադրանքների հաջող իրականացման դեպքում ադրբեջանական, թուրքական և եվրոպական լրատվամիջոցներում վիրուսային տեղեկատվություն տարածվի ռուսական որոշակի ագրեսիայի մասին», - հավելել է Զախարովան։
Նրա խոսքով՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «Կիևի ռեժիմը փորձում է օգտագործել ցանկացած փոքր հնարավորություն և պատրվակ՝ Ռուսաստանի հարաբերություններն իր ամենամոտ գործընկերների, իր հարևանների հետ ապակայունացնելու համար»։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Եկատերինբուրգում կասեցվել է էթնիկ խմբավորման գործունեությունը, որն, ըստ քննիչների, ներգրավված է եղել 2001, 2010 և 2011 թվականներին տեղի ունեցած մի շարք սպանությունների մեջ: Ձերբակալվածներից երկուսը մահացել են։
Ադրբեջանը դատապարտել է տեղի ունեցածը՝ դա անվանելով սպանություն, և բողոք է հայտնել ՌԴ անվտանգության ուժերի գործողությունների դեմ, իսկ Ռուսաստանի հետ մշակութային և որոշ այլ միջոցառումներ չեղարկվել են։ Բացի այդ, Բաքվում կալանավորվել են «Sputnik Ադրբեջան» գործակալության ղեկավարը և գլխավոր խմբագիրը, ինչպես նաև ՌԴ մի շարք այլ քաղաքացիներ։