Իրանի անվտանգության ուժերը հարավարևելյան Զահեդան քաղաքում ձերբակալել են անձանց, որոնք, ըստ պետական հեռուստատեսության, Իսրայելի հետ կապված ահաբեկչական խմբավորումների անդամներ են։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
Իրանական լրատվամիջոցը նշել է, որ խումբը մտել է Իրանի արևելյան սահմաններով և կրել է ԱՄՆ-ում արտադրված զենքեր ու պայթուցիկներ, որոնք պլանավորել է օգտագործել սպանությունների և դիվերսիաների ժամանակ։
Իսրայելական կողմն այս առնչությամբ մեկնաբանություն չի տվել։
Իրանը հունվարի 13-ին մեղմացրել է իր քաղաքացիների նկատմամբ սահմանված որոշ սահմանափակումներ և վերջին օրերի ընթացքում առաջին անգամ թույլ է տվել նրանց հեռախոսազանգեր կատարել արտասահման՝ բջջային հեռախոսների միջոցով։
ԱՄՆ-ում գործող «Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը» հայտնել է, որ շարունակվող բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 646-ի։ Ըստ գործակալության տվյալների՝ զոհվածներից 512-ը ցուցարարներ են, իսկ 134-ը՝ անվտանգության ուժերի անդամներ։ Նշվում է, որ երկու շաբաթ տևած բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 10 700 մարդ։ Թեհրանն առայժմ զոհերի պաշտոնական թիվ չի հայտնել։



