ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորապես մտահոգված է Թաիլանդ-Կամբոջ...

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել Թաիլանդին և Կամբոջային «ցուցաբերել առավելագույն զսպվածություն»՝ հաշվի առնելով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրությունները։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորապես մտահոգված է Թաիլանդ-Կամբոջա սահմանի երկայնքով աճող բռնությամբ, որը հանգեցրել է քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների շրջանում զոհերի, ինչպես նաև տուժած տարածքներում հարյուրավոր դպրոցների ժամանակավոր փակման»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։  

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և պաշտպանել երեխաներին՝ համաձայն միջազգային իրավունքի։ «Երեխաները մշտապես պետք է պաշտպանված լինեն, և նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը պետք է առաջնահերթ լինի, իսկ դպրոցները պետք է մնան ուսուցման համար անվտանգ տարածքներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Երկու երկրների միջև զինված բախումներ են սկսվել հուլիսի 24-ին։ Թաիլանդական F-16 կործանիչը հարվածներ է հասցրել Կամբոջայում մի շարք թիրախների։ Երկիրը փակել է Կամբոջայի հետ բոլոր սահմանային անցակետերը։

Թաիլանդի բանակը հայտնել է 11 քաղաքացիական զոհի մասին։ 

Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «հրատապ նիստ» հրավիրելու կոչով՝ կապված Թաիլանդի հետ սահմանին սկսված զինված բախումների հետ։

Կամբոջայի և Թաիլանդի միջև վեճն ավելի քան հարյուր տարվա պատմություն ունի և սկսվել է այն պահից, ինչ երկու երկրների միջև ֆրանսիական օկուպացիայից հետո գծվել են սահմանները։ Իրավիճակը լարվել էր 2008 թվականին, երբ Կամբոջան փորձեց վիճարկելի տարածքում գտնվող 11-րդ դարի տաճարը գրանցել որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր։ Այս քայլը լուրջ դիմադրության արժանացավ Թաիլանդի կողմից։

Տարիների ընթացքում կողմերի միջև ժամանակ առ ժամանակ վերսկսված բախումները զոհերի պատճառ են դարձել երկու կողմերում էլ։  

Վերջին երկու ամսում երկրները սահմանային սահմանափակումներ էին սահմանել մեկը մյուսի համար։ Կամբոջան արգելել էր Թաիլանդից այնպիսի ապրանքների ներմուծումը, ինչպիսիք են մրգերն ու բանջարեղենները, ինչպես նաև դադարեցրել էր էլեկտրաէներգիայի և համացանցի ծառայությունների ներմուծումը։ 

Վերջին շաբաթներին երկու երկրներն ուժեղացրել էին զինված ներկայությունը սահմաններին։