Ընտրություններին մեկ դաշինքով մասնակցելը գործ...

«Մենք այդ հարցը քննարկել ենք, իրականում լավ գաղափար է, մենք դեմ չենք այդ գաղափարին, բայց գործնականում այն իրականացնելը գրեթե անհնարին է»,- ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին՝ քննարկե՞լ են  ընդդիմադիրներով ԱԺ խորհրդարանական առաջիկա ընտրություններին մեկ ճակատով մասնակցելու հարցը, համարո՞ւմ են գործող իշխանությանը տապալելու արդյունավետ ճանապարհ։

Նա բացատրեց, թե ինչու է համարում գործնականում անհնարին. «Նախ, արդեն մի քանի ուժեր շատ հստակ հայտարարել են, որ պատրատ չենք մեկ բլոկով մասնակցել, երկրորդ, անկեղծ ասեմ, 100  տոկոս համոզմունք չէ, որ շատ արդյունավետ կլինի։

Ինչու, երբ որ բոլոր ուժերին նույնացնում ես, մեկի  անտիռեյտինգը հասնում է  մյուսին ու հակառակը, իրականում ուժերը, հնարավորությունները մեկտեղում ես, բայց նաև նույնացնելով՝ հանրության տարբեր շերտերի զրկում ես այլընտրանքային հնարավորություններից»։

Քանի որ, ըստ նրա, դա գործնականում անհնար է, Ի.Սաղաթելյանը ներկայացրեց իրենց  առաջարկը. «Ընդդիմադիր դաշտի ուժերը պետք է մի կողմ դնեն շատ ամբիցիաներ, տարաձայնություններ, մեկտեղեն  իրենց ուժերը, հնարավորությունները, ձևավորեն առնվազն 2, 3, 4 ազդեցիկ բլոկներ, որպեսզի կարողանան նախ շեմը հաղթահարել, գրանցել ավելի արդյունավետ արդյունք իրենց գլխավոր նպատակին հասնելու՝  այս իշխանության վերարտադրությունը  կանխելու համար։ Հետևաբար, քանի որ հնարավորություն չկա մեկ միասնական դաշինքով հանդես գալ, առնվազն պետք է ամեն ջանք գործադրել մի քանի խոշոր բլոկ ձևավորելու համար։ Այդ  բլոկների հնարավորությունները կան, արդեն նշմարվում են դաշտում։

 Անկախ այդ ձևաչափերի  որոշումից, գտնում ենք՝ կան կարևոր, առաջնային օրակարգային հարցեր, որոնց շուրջ պետք  է համագործակցել»։