Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելո...

«Ես չեմ տեսել մինչև այս պահը որևէ քաղաքական ուժի կողմից որևէ արձանագրում, որը կլինի փաստահեն, իրավաչափ և նմանատիպ պնդման կհանգեցնի»։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ կա՞ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու անհրաժեշտություն։

«Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ։ Մեր ընտրական օրենսգիրքը բոլոր քաղաքական ուժերին տալիս է բոլոր հնարավոր գործիքակազմերը՝ հետևելու այդ գործընթացին և հավաստիանալու, որ ամեն ինչ պատշաճ է կազմակերպված։ Ընտրատեղամասերում կան վստահված անձինք, կան նաև դիտորդներ, տեսահսկման համակարգով հեռարձակումներ գոյություն ունեն, որոնց ևս հսկում են տարբեր ներկայացուցիչներ։ Ես չեմ տեսել մինչև այս պահը որևէ քաղաքական ուժի կողմից որևէ արձանագրում, որը կլինի փաստահեն, իրավաչափ և նմանատիպ պնդման կհանգեցնի։ Ես հակառակն եմ տեսել․ տարբեր քաղաքական ուժերի կողմից, իրենց գնահատմամբ, փաստեր են հանրայնացվում, որոնք տարածվում են նաև համացանցում, և տվյալ օգտատերերը հրաժարվել են ներկայացնել հաղորդում և նրանք նշել են, որ ուղղակի արտատպել են քաղաքական տարբեր ուժերի կողմից օգտագործող նյութերը։ Երբ մենք համեմատում ենք այդ նյութերը իրական արձանագրությունների հետ, նկատում ենք, որ որևէ տարբերություն չկա, հակառակը՝ գործընկերները հանդես են գալիս հայտարարություններով, որ սխալմունք է տեղի ունեցել, և այսպես շարունակ»,–նշեց Արփինե Սարգսյանը։

ՆԳ նախարարը նշեց, որ նախարարությունը շարունակելու է մոնիթորինգ իրականացնել, և անհրաժեշտության դեպքում կարձագանքեն բարձրաձայնվող հարցերին։

«Մենք շարունակելու ենք մոնիթորինգը, և եթե լինի հարցեր, որոնք կարիք ունենք արձագանքի, անպայման կտանք։ Ուզում եմ նորից արձանագրել, որ բոլոր քաղաքական ուժերն ունեցել են պատշաճ պայմաններ քարոզարշավի իրականացման և անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի կողմից կամ որի նկատմամբ է իրականացվել որևէ պրոցես, բոլոր հարցերն արձանագրվել են, հաղորդում է ուղղարկվել նախաքննական մարմին, այս պահի դրությամբ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները»,–հավելեց նա։

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքն այսօր դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով անվավեր ճանաչել հունիսի 7-ին տեղի ունեցած քվեարկութան արդյուքները։