Ընտրություն չի լինի. Միգրացիոն ծառայությունու...

Աշնանից Հայաստանում կսկսվի կենսաչափական փաստաթղթերի տրամադրումը։ Այս մասին օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսում հայտնել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը։

Խոսքը վերաբերում է ոչ միայն անձնագրերին, այլև նույնականացման քարտերին և մի շարք այլ փաստաթղթերի։ Առաջին փուլում նախատեսվում է բացել 14 մասնավոր գրասենյակ, ընդհանուր առմամբ կա մտադրություն սահմանել նոր, բարձր չափանիշ և կոտրել ծառայությունների ցածր մակարդակի մասին կարծրատիպը, խոստացել է Դավթյանը։

Քանի որ նոր փաստաթղթերը մրցունակ են աշխարհում և համապատասխանում են ԵՄ պահանջներին, դրանք մի քանի անգամ ավելի թանկ կարժենան։ Հայաստանի քաղաքացու համար անձնագիրը կարժենա 28 650 դրամ։ Նույնականացման քարտը կարժենա 2 950 դրամ։ Միևնույն ժամանակ, անձնագիրը կտրվի 10 տարի ժամկետով, քարտը՝ 5 տարի։ Քարտ կարող են ստանալ մինչև 16 տարեկան անձինք, նոր օրենսդրության համաձայն՝ 16 տարեկանից քարտ ստանալը կդառնա պարտադիր։ Անձնագիր ստանալու նախապայմանը կլինի քարտի առկայությունը։

Դավթյանի խոսքով՝ քաղաքացին կարող է նոր նմուշի փաստաթղթեր ստանալ՝ չսպասելով հների գործողության ժամկետի ավարտին։ Սակայն հին նմուշի փաստաթղթերն աշնանից այլևս չեն տպագրվի, այսինքն, եթե քաղաքացին կորցնի անձնագիրը կամ նույնականացման քարտը, ստիպված կլինի ստանալ նոր նմուշի փաստաթուղթ՝ վերոնշյալ սակագներով։ Անձնագրի տրամադրումը նախատեսված է ստանդարտ՝ 14-օրյա ժամկետում, ինչպես նաև կսահմանվի արագացված տրամադրում՝ լրացուցիչ վճարով։

Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն փորձել էին ներդնել կենսաչափական անձնագրեր։ Գործընթացը դադարեցվել էր նաև այն պատճառով, որ դրանք չափազանց թանկ էին քաղաքացիների մեծ մասի համար։