Հայաստանի կառավարությունը քննարկեց և ընդունեց Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ձևավորման համար խորհրդատվական ծառայություն ձեռք բերելու հարցը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ Կառավարության նիստում ներկայացված է երկու հարց, որոնք վերաբերվում են Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ձևավորման համար անհրաժեշտ բովանդակային աշխատանքներին։ «Այս երկու հարցով էլ մենք համագործակցություն ենք հաստատում այս ոլորտում ամենահեղինակավոր բուհերի հետ, որոնք աջակցելու են արվեստների կլաստերի հայեցակարգի ձևավորման հարցում, ինչպես նաև աջակցելու են այդ հայեցակարգի իրականացման հարցում։ Այս նպատակով մենք երկու բուհերի հետ ենք բանակցել և այսօրվա որոշումներով արդեն հնարավորություն ենք ստանում անցնել պայմանագրերի կնքմանը։ Առաջինը Լոնդոնի արվեստների համալսարանն է, որը միջազգային վարկանիշավորման համակարգերում առաջին հորիզոնականն է զբաղեցնում՝ որպես արվեստի և դիզային բակալավրական մակարդակում կրթական ծրագրերի լավագույն բուհ, ինչպես նաև QS վարկանիշավորման համակարգում ըստ ոլորտների երկրորդ հորիզոնականում է արդեն տարիներ շարունակ։ Բացի դրանից, Լոնդոնի արվեստների համալսարանն անցել է իր սեփական ճանապարհը վերակազմակերպման, 6 առանձին հաստատությունների աստիճանական միավորման և ինտեգրման ուղղությամբ և այդ իմաստով էլ գործնական շատ կարևոր փորձառություն է կրում, որը մեծապես աջակցելու է մեզ նաև Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման գործում»,- մանրամասնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարը։
Նախարարը հավելեց՝ երկրորդ պայմանագիրը կնքվելու է Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի հետ, որը կատարողական արվեստների կրթության ոլորտում համաշխարհային առաջատարներից է և եզակի հաստատություններից է, որ կրթական ծրագրեր է առաջարկում ինչպես կատարողական, այնպես էլ արտադրական արվեստների ուղղություններով։ «2016 թվականից ի վեր Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիան արդեն 9-րդ անգամ հանդիսանում է այս ոլորտի վարկանիշավորման համակարգերի 6-րդ հորիզոնականում գտնվող բուհ»,- ասաց Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ նշված երկու բուհերի հետ աշխատանքը հնարավորություն է տալու Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի պարագայում ունենալ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող բովանդակություն և այդ ուղղությամբ Հայաստանում կրթությունը դարձնել մրցունակ ինչպես Հայաստանի ուսանողների, այնպես էլ արտերկրի ուսանողների համար, որոնք վստահաբար կարող են ժամանել Հայաստան սովորելու։
Նախարարը մանրամասնեց, որ Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիան աշխատանքները տանելու է երաժշտական բաղադրիչով, և այս մասով նախատեսվում է, որ նրանց հետ պայմանագիրը կլինի մինչև 371 հազար 325 բրիտանական ֆունտ ստեռլինգին համարժեք դրամի չափով։ Լոնդոնի արվեստների համալսարանն էլ աշխատանքներ է տանելու բոլոր մյուս ուղղություններով, որոնք ներառվելու են արվեստների կլաստերում։ Պայմանագրի արժեքը մինչև 368 հազար 778 բրիտանական ֆունտ ստեռլինգին համարժեք դրամ է։ «Համագործակցությունը նախատեսված է երեք փուլերով՝ շուրջ 24 ամսվա շրջանակներում։ Սա նշանակում է հայեցակարգի մշակում, նաև աշխատանքներ կարողությունների զարգացման ուղղությամբ, որովհետև շատ կարևոր է, որ միջազգային գործընկերների ներգրավվածությամբ մենք զարգացնենք տեղի կարողությունները»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունն արդեն իսկ ունի միջազգային հեղինակավոր գործընկերներ, որոնց հետ համագործակցում է Ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորման ուղղությամբ։ «Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ պայմանագիրն ընթացքի մեջ է, և այս օրերին էլ նրանք այստեղ են, և աշխատանքները շարունակվում են։ Պետք է նաև հիշեցնեմ, որ Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ էլ տեխնոլոգիական կլաստերի ուղղությամբ էինք աշխատում։ Այստեղ էլ աշխատանքների առաջին փուլն ավարտել ենք։ Հենց հիմա բանակցում ենք նաև Քեմբրիջի համալսարանի հետ դասական կլաստերի ուղղությամբ, և ես տպավորություն ունեմ, որ առաջիկայում նաև նրանց հետ պայմանագիրը կներկայացնենք կառավարության քննարկմանը»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ այս պայմանագրերով միջազգային գործընկերներն աշխատում են ոչ միայն և ոչ այնքան Կառավարության, որքան հենց բուհերի և ուսանողների հետ, ինչը շատ կարևոր է։



