
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեն կարճել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ավտովթարի հետեւանքով մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։
«Ժողովուրդ» օրաթերթին Քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին, որ քրեական վարույթը կարճվել է «հանցանքի բացակայության» հիմքով։
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սահակյանը ավտովթարի օրն ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ չէր եղել։ Տեղեկությունը ArmLur.am-ին հայտնել էին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
ՀՀ քննչական կոմիտեն ամիսներ առաջ ստացել էր ԱԺ նախկին պատգամավորի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով նշանակված փորձաքննությունների եզրակացության պատասխանը, ըստ որի` Մհեր Սահակյանը դեպքի օրն ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել։
Հիշեցնենք` հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ Արարատի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանը։ Սահակյանի մեքենան հայտնաբերվել էր Տիգրանաշենի ոլորանների ձորում։
Պատգամավորի մահվան դեպքով քրեական վարույթ էր նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Ասել է թե՝ այդպես էլ առեղծված մնաց, թե ինչ կատարվեց Մհեր Սահակյանի հետ այդ օրը, արդյոք կատարվածը դժբախտ պատահար էր, թե Մհեր Սահակյանը մնացել էր կոնկրետ անձանց կոկորդին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: