Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն (GKNB) հայտնել է, որ Տաջիկստանի հետ սահմանին շարունակվում են ինտենսիվ մարտերը, տաջիկական կողմը զինտեխնիկա է առաջ քաշում, ղրղզական կողմը դա դիտարկում է որպես երկրի տարածքը գրավելու սպառնալիք, փոխանցում է Ռիա Նովոստին:
«Չնայած կրակը դադարեցնելու ջանքերին, ցավոք, տաջիկական կողմը շարունակում է ծանր զինտեխնիկա բերել հակամարտության տարածք և օգտագործում է ողջ զինանոցը Ղրղզստանի տարածքը գնդակոծելու համար՝ փորձելով գրավել մեր տարածքը», – ասվում է Ղրղզստանի գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ այս պահին ինտենսիվ բախումներ են ընթանում սահմանի ողջ պարագծով։ «Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունը շարունակում է հետ մղել Տաջիկստանի ռազմական ագրեսիան»,- ընդգծվում է հաղորդագրությունում։
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին լայնամասշտաբ բախումներ են սկսվել ուրբաթ առավոտյան։ Ղրղզստանի սահմանային գործակալության տվյալներով՝ տաջիկական կողմը սահմանի ողջ երկայնքով գրոհել է ղրղզների դիրքերը։ Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտնել է, որ Ղրղզստանի սահմանապահ ջոկատի զինվորականները, խախտելով պայմանավորվածությունը, օգտագործելով ծանր հրացաններ, կրակել են Տաջիկստանի սահմանային «Դուշանբե» հենակետի ուղղությամբ։



