Ղազինյանի որոշմանը շատերը պետք է հետևեն

Մեկ Հայաստան կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարել է, որ կասեցնում է իր քաղաքական գործունեությունը․«հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին»,-գրել է Ղազինյանը:

Նախ հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանում ստեղծված վիճակը քաղաքական լուծում չունի։ Իսկ գուցե պարոն Ղազինյանը ավելի անկեղծ լինի և թվարկի, թե կոնկրետ իր գործունեությունը որքանով է նպաստել, որ Հայաստանում ստեղծված վիճակի լուծման քաղաքական ճանապարհները փակվեն։ Հատկապես 2020 թվականից հետո մեծ բան չի փոխվել հայաստանում՝ կա այն ինչ եղել է աղետալի պատերազմից հետո։ Ինչպես է ստացվել, որ Արթուր Ղազինյանը 2021-ին ընտրությունների մասնակցելով լուծում տեսնում էր, իսկ հիմա չի տեսնում։

Արդար կլիներ, որ պարոն Ղազինյանը իր գործունեությունը կասեցնելուց առաջ նաև բացատրություններ տար այն քաղաքացիներին, ովքեր հավատացել են իր մեկ տարի առաջվա հայտարարություններին և գուցե նաև իր հետևից են գնացել (մարդկանց թիվը շատ չէ, բայց անգամ մեկ մարդ լինի Ղազինյանը նրա առաջ պարտավորություն ունի)։ Քաղաքացիներ կան, ովքեր հավատալով ընդդիմությանը, նաև Ղազինայնին, թողել են իրենց աշխատանքը ու հիմա, ի տարբերություն, Ղազինյանի չեն կարող վերադառնալ իրենց մասնագիտական գործունեությանը։ Բոլոր այս մարդկանց առաջ Ղազինյանը պարտավոր է բացատրություն տալ, թե ինչու է թողնում մարտի դաշտը։

Մյուս կողմից էլ իհարկե Ղազինյանի որոշումը գովելի է։ Եթե մարդ հասկանում է, որ քաղաքականությունն իր տեղը չէ, որ իր նյարդերն ու կամքը թույլ չեն տալիս ամենօրյա պայքարի մեջ լինել, ապա ավելի լավ է դուրս գալ ու անիմաստ տեղ չզբաղեցնել։  Այս իմաստով, ի դեպ, Արթուր Ղազինյանի օրինակին շատերը պետք է հետևեն և դուրս գալով քաղաքականությունից, գնան զբաղվեն նրանով, ինչում նրաքն հմուտ են։