
Ղազախստանը նախատեսում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանումը 2024 թվականի 1,4 միլիոն տոննայից 2025 թվականին հասցնել մինչև 1,7 միլիոն տոննայի: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Եռլան Ակենժենովը:
«(Արտահանման) ավելացումը նախատեսվում է արդեն 2025 թվականին: Եթե մենք անցյալ տարի այդ ուղղությամբ փոխադրել ենք մոտ 1,4 միլիոն տոննա, ապա 2025 թվականին նախատեսում ենք փոխադրել մոտ 1,7 միլիոն տոննա», - ասել է Ակենժենովը՝ պատասխանելով այդ նավթամուղով նավթի մատակարարումների վերաբերյալ հարցին:
Նրա խոսքով՝ 2025 թվականի առաջին վեց ամիսներին Ղազախստանն այդ երթուղով փոխադրել է 800 հազար տոննա նավթ:
Ավելի վաղ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ղազախստանի և Թուրքիայի ղեկավարներ Կասիմ- Ժոմարտ Տոկաևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 29-ին Անկարայում կայացած հանդիպմանը քննարկել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանման ավելացման հարցը: Ղազախստանի նախագահը նաև Թուրքիայի ընկերություններին հրավիրել է մասնակցելու այն նախագծերին, որոնք ուղղված են էլեկտրաէներգիայի դեֆիցիտի պակասեցմանը:
2022 թվականին Տոկաևը հանձնարարել է ավելացնել նավթի փոխադրման ծավալն Անդրկասպյան միջանցքով: Ղազախստանի «Ղազմունայգազ» ընկերությունը և Ադրբեջանի «SOCAR»-ը կնքել են համաձայնագիր, որը նախատեսում է տարեկան 1,5 միլիոն տոննա նավթի փոխադրում: