Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է «թարմ» կադրեր փնտրել առաջիկա ընտրություններում նորովի ներկայանալու համար: Այս գործը գլուխ բերելու համար կադրեր են փնտրվում ամեն տեղ: Առաջիկա ընտրություններում Փաշինյանի թիմում կարող է հայտնվել նախկին ԲՀԿ-ական, «ղազագիր» գրող Սերգեյ Բագրատյանը:
Հիշեցնենք, որ Բագրատյանը ամիսներ առաջ դուրս եկավ ԲՀԿ-ից, սակայն պահպանեց պատգամավորական մանդատը և սկսեց ակտիվորեն աջակցել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Հիմա Բագրատյանի ծառայությունների կարիքը իշխանություններն իրապես ունեն և պատրաստ են «ղազագիր» գրողին տանել իրենց թիմ՝ վստահ լինելով, որ ցանկացած պահի կարող են չեզոքացնել նրան, եթե իրենց գծից շեղվի: Փաշինյանին հիմա նման կադրեր են պետք:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի շրջանակում իշխանությունները դաշտ նետեցին նամակներ, որոնք որոշ ԲՀԿ-ականներ գրել էին կուսակցության ղեկավարին, որպեսզի վստահություն ձեռք բերեն: Իշխանական մեդիաները և պատգամավորները այդ նամակներն անվանեցին «ղազագիր» և ծաղրեցին երևույթը: Նամակների մեջ կար նաև Սերգեյ Բագրատյանի անվամբ գրված նամակ:



