
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու:
Փաշինյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ԼՂ հարցը լուծված չէ և պետք է վերադառնա Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգ։
«Ես դրան արձագանքել եմ նույնիսկ այդ հայտարարություններից առաջ և ասել եմ, որ Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու»,-ասաց Փաշինյանը:
Ավելի վաղ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե իշխանափոխության արդյունքում նոր բանակցողով և միջազգային հեղինակավոր միջնորդներով դեռևս կարելի է փոխել իրավիճակը, բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի մարտի 26-ին հայտարարել էր, որ իր կարծիքով՝ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։ «Ես ազնիվ չեմ լինի, եթե շատ ուղիղ իմ կարծիքը չասեմ այն արձանագրումներից հետո, որոնք նախկինում արել եմ հենց այս ամբիոնից կառավարության զեկույցների քննարկման ժամանակ՝ ասելով, թե ինչպես է օգտագործվել ղարաբաղյան շարժումը Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին։ Եվ ուզում եմ առանց սեթևեթանքի, հստակ և աներկբա ասել, որ ես կարծում եմ, որ մենք ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»,- ասել էր Փաշինյանը։