Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվել է պ...

Մեր կազմակերպությունը աջակցություն է ցուցաբերել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օգնության տրամադրման միջոցառումների շրջանակում, դպրոցականների համար գնվել է 5 000 պորտֆել՝ գրենական պիտույքներով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 24-ին ասել է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը։

Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում առաջ են եկել բարդություններ այն հարցում, որպեսզի երեխաներին համոզեն վերադառնալ դպրոցներ, քանի որ նրանց ընտանիքներում անորոշություն էր տիրում։ «Բացի այդ,  կար բաց ուսուցման ծրագրում, որն իրականացվում էր Լեռնային Ղարաբաղում։ Այդ ուղղությամբ եւս աշխատանք է տարվում»,- նշել է նա։

Պողոսյանը տեղեկացրել է, որ ամբողջ աշխարհում ընդհանուր առմամբ 250 մլն երեխա զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից, եւ այդ թիվը մշտապես ավելանում է։ Նա ավելացրել է, որ մոտ 220 մլն երեխա տուժել է հակամարտություններից եւ կլիմայի փոփոխությունից։

Առկա գնահատականներով՝ ավելի քան 750 մլն երիտասարդ եւ հասուն տարիքի մարդ անգրագետ է համարվում։

«Համաշխարհային բանկի տվյալներով՝ անձանց տեղահանումների մոտ 70 տոկոսը կատարվել է կլիմայի փոփոխության պատճառով։ Կարեւոր է հիշել, որ կրթության ոլորտում ներդրում կատարելն ապագայում բարձրացնում է երկրի տնտեսական աճը 10 տոկոսով։ Ոլորտում կատարվող ներդրումները ապահովում են 10 անգամ ավելի մեծ շահույթ, քան ներդրումները ֆիզիկական կապիտալում»,- ընդգծել է ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը։