Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում, «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, հավելելով՝ Եվրամիությունը այդ հարցի շուրջ շարունակում է բանակցությունները Բաքվի ղեկավարության հետ։
«Կարծում ենք, որ էթնիկ հայերը պետք է վերադառնալու իրավունք ունենան կամ գոնե կարողանան այցելել Ադրբեջանի այդ հատված, և նրանց անվտանգությունն ու իրավունքները պետք է երաշխավորված լինեն։ Փոքրամասնությունների պաշտպանության մասով կան միջազգային չափանիշներ, որոնք պետք է հարգվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, որի շրջանակում էլ պետք է փոքրամասնությունների այդ իրավունքները երաշխավորվեն», - ասել է Միշելը։
«Հայկական կողմը ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո պնդում էր, թե Ղարաբաղի հայերին պետք է անվտանգության ու իրավունքների պահպանման միջազգային երաշխիքներ տրվեն։ Խաղաղության համաձայնագրում այդ հարցին անդրադարձ կա՞, թե՞ Ղարաբաղի հայաթափումից հետո այն կորցրել է հրատապությունը», «Ազատության» հարցին Եվրոպական խորհրդի ղեկավարն արձագանքել է՝ չի ուզում խորանալ մանրամասների մեջ, միաժամանակ ընդգծել, որ այդ հարցով երաշխավորը պետք է Ադրբեջանի իշխանությունները լինեն։
«Մենք շատ ենք շփվում Ադրբեջանի նախագահի հետ այս թեմայով, որպեսզի բարձրացնենք աչալրջությունը և փորձենք համոզել Ադրբեջանի իշխանություններին ցույց տալ, որ նրանք ցանկանում են պաշտպանել փոքրամասնություններին և երաշխավորել, որ միջազգային չափանիշները պահպանվեն: Սա է քաղաքական բանավեճը, որ ունենք, և ես անկեղծորեն հույս ունեմ, որ մենք կարող ենք առաջընթաց գրանցել ԵՄ-ի համար գերակա հարցում», - նշել է Շառլ Միշելը: