ԱՄՆ-ի հետ Իրանի գլխավոր բանակցող և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հեռախոսազրույց է ունեցել իր լիբանանցի գործընկեր Նաբիհ Բերիի հետ՝ քննարկելով Իսրայելի ռազմական գործողությունները Լիբանանում։ Այս մասին Ղալիբաֆը նշել է X-ում գրառման մեջ։
«Իմ եղբոր՝ Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիի հետ զրույցում ես հաստատեցի, որ եթե Լիբանանում սիոնիստական ռեժիմի ագրեսիան շարունակվի, մենք ոչ միայն կդադարեցնենք բանակցային գործընթացը, այլև ամուր կկանգնենք նրանց դեմ», - նշել է նա գրառման մեջ։
Հունիսի 1-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում գրառման մեջ նշել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը պետք է լինի հրադադար բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։
«Դրա խախտումը մեկ ճակատում հրադադարի խախտում է բոլոր ճակատներում։ ԱՄՆ-ն և Իսրայելը պատասխանատու են ցանկացած խախտման հետևանքների համար», - նշել էր նա։
ԱՄՆ նախագահը հունիսի 1-ին հայտարարել է, որ զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, նաև ներկայացուցիչների միջոցով շփում է ունեցել «Հեզբոլլահ»-ի հետ, որի արդյունքում կողմերը համաձայնել են դադարեցնել հարվածները։



