Վստահ եմ, որ համատեղ ջանքերով նոր թափ կհաղորդ...

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է ճանաչողական այցով Շիրակի մարզում գտնվող Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի գլխավորած պատվիրակությանը։ Դեսպանի հետ Գյումրի է այցելել նաև կինը՝ Շարունե Լինարտաիտեն։

Շիրակի մարզպետը ողջունել է հյուրերին, կարևորել հայ-իտալական երկարամյա բարեկամությունը և երկկողմ հարաբերությունների ամրապնդումը՝ նշելով, որ Շիրակի մարզպետի աշխատակազմն ու ինքն անձամբ ջանք չեն խնայի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող իրատեսական նախաձեռնություններ կյանքի կոչելու համար։

«Վստահ եմ՝ Ձեր ներկայությունը Հայաստանում կնպաստի հայ-իտալական ավանդական բարեկամության ամրապնդմանը, ապակենտրոնացված համագործակցությանը նոր լիցք կհաղորդի։ Հայաստանի և Իտալիայի բարեկամությունը դարերի պատմություն ունի և կարծում եմ՝ կհամաձայնեք, որ որպես քաղաքակրթական արժեքներ կրող երկրներ, իրար նման են մեր ժողովուրդները։ Հայ ու իտալացի ժողովուրդների կապերը խոր արմատներ ունեն, իսկ Շիրակի մարզի հետ բարեմակությունն առավել ընդգծվեց դեռ 88-ի երկրաշարժի տարիներին։ Մեր մարզը դժվարությունների միջով է անցել, սակայն կարողացել է մեջքը շտկել, իսկ այժմ լուրջ ծրագրեր են իրականացվում, միայն մեկ թիվ նշեմ՝ 2025-ին մարզում մոտ 43 մլրդ դրամի շինաշխատանք է Կառավարության տրանադրած միջոցներով ընթացքի մեջ՝ կառուցվում, նորոգվում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ»,- Շիրակի մարզի հնարավորություններն ու առանձնահատկությունները, առավելություններն ու ներուժը ներկայացնելով նշել է Շիրակի մարզպետը։

«Պարոն մարզպետ, ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Ձեզ հատկացրած ժամանակի և ջերմ ընդունելության համար։ Ես ցանկություն եմ հայտնել Շիրակի մարզ մեծ կազմով այցելել, քանզի Ձեր մարզի հետ կապող շատ բան ունենք և վստահ եմ, որ համատեղ ջանքերով նոր թափ կհաղորդենք համագործակցությանը։ Հունվարից եմ Հայաստանում և ամենուր հասցրել եմ զգալ հայերի բարեկամական ու ջերմ վերաբերմունքը, նույն անմիջականությունը նաև Ձեզանից զգացի։ Վստահ եմ, որ կկարողանանք առաջ շարժվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններով»,- ընդգծել է դեսպանը։

Մարզպետն ու դեսպանը գոհունակությամբ անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում երկու երկրների միջև նկատվող աշխուժությանը։

Դավիթ Առուշանյանը նշել է, որ Կառավարությունն այժմ անում է հնարավորը Շիրակի մարզի զբոսաշրջային ներուժը նպատակային օգտագործելու համար։ Կառավարությունը հաստատել է «ՀՀ օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը», ինչը նոր հնարավորություն է Շիրակ օդանավակայանի համար ուղևորափոխադրումների ծավալների ավելացման, չվերթերի աշխարհագրության ընդլայնման և մատչելի ավիափոխադրումների ապահովման առումով։

Ալեսսանդրո Ֆերրանտին նշել է, որ Իտալիան հետևողական ջանքեր է գործադրում ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը առավել մատչելի և հարմար դարձնելու ուղղությամբ։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։