Ապագան կախված է մեզնից, ես ի նկատի ունեմ մեր երկու երկրներից, հատկապես ղեկավարներից, իսկ արդեն մեր երկու երկրի ղեկավարները ցույց են տվել իրենց պատրաստակամությունը և ամենակարևորը, ինչպես նաև նշեց պարոն Ալիևը, ցուցաբերել են քաղաքական խիզախություն, կամք, որ իսկապես հանուն խաղաղության կարող են արվել քայլեր, որոնք կհաստատեն այդ խաղաղությունը։ Այս մասին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում «Սահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը» խորագրով պանելային քննարկման ժամանակ նշել է ՀՀ նախագահ վահագն Խաչատուրյանը։
Նշենք, որ պանելային քննարմանը ներկա է եղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այն ինչ մենք չէինք տեսել 30 տարուց ավելի, մենք հիմա ապրում ենք այդ իրավիճակում։ Երկու տարի, նույնիսկ մեկ տարի առաջ անհավատալի էր, որ կարելի էր կարճ ժամանակում հասնել այսպիսի իրավիճակի, երբ արդեն ՀՀ–ն հնարավորություն ունի ապրանքներ ստանալ Ադրբեջանից անմիջապես՝ Վրաստանի տարածքով։ Ես վստահ եմ, որ կգա նաև այն օրը, երբ որ մենք այդ ապրանքները կստանանք պարզապես մեր տարածքներով, այսինքն դա կլինի Ադրբեջան–Հայաստան, Նախիջևան–Հայաստան ճանապարհով»,–ասաց նա։
Խաչատուրյանը նկատեց, որ այսօր և Հայաստանը, և Ադրբեջանը առաջ են նայում. «Եթե մենք փորձենք նայել հետ և փորձել գտնել այն պատճառները, թե ինչու այդպես եղավ, դա այսօր մեզ կզրկի այն հնարավորությունից, որ ունենք: Մենք հիմա ավելի շատ ապրում ենք մեր ծրագրերի իրականացման գործով։ Մենք հաջողություն կունենանք, որովհետև մենք հստակ պայմանավորվածություններ ունենք, մենք հստակ սկզբունքներ ենք որդեգրել, որը նշանակում, որ մենք հարգում ենք երկու երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, մեր իրավազորությունը և առաջնորդվելու ենք այդ սկզբունքներով։ Բացելու ենք մեր սահմանները և վստահ եմ նաև, որ X տարիներ հետո ոչ միայն քաղաքական բարձր մակարդակի նման հանդիպումներ են լինելու, այլ սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարող են հատել սահմանը, առևտուր անել, օգտվել այն առավելություններից, որ մենք ունենք երկուսս»,– հայտարարեց ՀՀ նախագահը։
Վահագն Խաչատուրյանի խոսքով, այդ համագործակցության արդյունքում մենք շատ նպաստավոր ենք դառնալու, որպես տարածաշրջան, որպես Հարավային Կովկաս, նաև աշխարհի համար. «Այն քննարկումը, որ մենք հիմա անում ենք Եվրոպա–Ասիա կապը ապահովելու համար, դրա լավագույն ճանապարհը հենց Հարավային Կովկասն է։ Եվ այս գործընթացը հաջողություն կունենա նաև այն պատճառով, որովհետև այստեղ կա նաև տնտեսական շահ, բացի քաղաքականից։ Սա կամրապնդի այն պայմանավորվածությունը, որ մենք ձեռք ենք բերել։ Երկու երկրի ղեկավարներ ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնության են գալիս, ուրեմն կարելի է և հաջողության հասնել։ Այդտեղ իհարկե, ես չեմ կարող չնշել նաև Միացյալ Նահանգների նախագահ պարոն Թրամփի դերը, որը կարողացավ իր վրա վերցնել այդպիսի պատասխանատվություն և մեր երկու երկրների ղեկավարների հետ օգոստոսի 8-ին ստորագրեց այդ պատմական փաստաթուղթը»,–ասաց նա։



