
Վստահ եմ, որ այս շենքում պրոֆեսիոնալ իրավաբաններ են, նրանք այս վարույթի նյութերին ծանոթանալով ու տղայի ցուցմունքը լսելուց հետո լիարժեք հասկացել ու պատկերացրել են, որ խոսքը ընդամենը սպորտաձևի մասին է, որտեղ ոչ թե պայթուցիկ է, այլ ինչ-որ այն ներկերն են կամ գարուխներն են, որ թռնում են այդ խաղի ժամանակ։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 10–ին, ՔԿ Երևանի վարչության շենքի դիմաց լրագրողներին ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՅԴ երտասարդներից մեկի տանը խուզարկության ժամանակ հայտնաբերված խաղի հետ կապված սպորտային պարագաներին։
«Էդ մարդը էդ հոբին ունի։ Ինչ-ինչ ցուցումներ են, ամենայն հավանականությամբ եղել, որ սա վերցնել ու դարձնել հերթական շոուն։ Ակնհայտ է, չէ, որ մեր երկրում, մանավանդ վերջին օրենսդրական փոփոխություններից հետո՝ զենքի ձեռք բերելու հեշտացման, որը նույն ՔՊ-ի նախաձեռնությամբ է եղել, ակնհայտ է, որ այս տղաներից որևէ մեկը, որոնք այդ մարդու հետ առնչություն ունեն, հեռախոսային կապ են ունեցել, այդ տղաներից որևէ մեկը կարող է օրինական զենք ունենալ։ Արդեն գտել են օրինական զենք, և հիմա իրենք արդեն այն դիրքորոշումն են ներկայացնում և փորձում են հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ նույն Բագրատ Սրբազանի գործով, որ անձինք օրինական զենք ունեն, ճիշտ է, բայց այդ օրինական զենքով չէր բացառվում և շատ մեծ էր հավանականությունը, իբր, որ իրենք կարող է ահաբեկչական ինչ-որ գործողություն անել։
Ես վստահ եմ, որ այս գործով էլ են նմանատիպ բան փորձելու հանրությանը ներկայացնել, ինչ-որ առումով շեղել հերթական գուցե ինչ-որ ամոթալի փաստաթղթերից կամ ամոթալի խոստումներից, և հերթական առումով ինչ-որ հիմքեր ստեղծելու, հաջորդիվ դեպի Վեհարան գնալու։ Այս ամենը մեկ ամիս է՝ մենք տեսնում ենք, թե ինչ մղձավանջի մեջ ենք բոլորս ապրում»,–ասաց փաստաբանը։
Սերգեյ Հարությունյանը արձանագրեց, որ մեկ ժամից ավելի է շենքի մոտ սպասում է, սակայն ներս չեն թողնում ու որեւէ բացատրություն չեն տալիս, թե ինչու չեն թողնում. «Ոստիկանները, որոնք շենքի պահպանությամբ են զբաղվում, ասում են, որ ցուցում ունենք դուռը փակելու, ցուցում ունենք ձեզ ներս չթողնելու, ցուցում ունենք ձեր դիմումը առայժմ չվերցնելու։ Երբ որ ցուցում կստանանք ձեզ թողնելու, դիմումը վերցնելու՝ կբացենք։
Դիմումը նրա մասին է, որ ընդամենը պաշտպանյալս, անձը, որի շահերը ներկայացնելու համար ես այստեղ եմ, որի տանը խուզարկություն են արել և բերման են ենթարկել, ձերբակալել են, տեսնեմ իրեն և եթե քննչական ինչ-որ գործողություն է իրականացվում, ներգրավեմ, որպես պաշտպան, որպես փաստաբան։ Իմ պաշտպանը Վահագն Մատինյանն է
Ինձ ասացին, որ իր տան խուզարկության ընթացքում առգրավվել են օրինական զենքեր, որոնք օրենքի տառին համապատասխան բոլոր թույլտվություններով առկա են»։
Խոսելով գործի մասին, որով կատարվել են ձերբակալությունները, փաստաբանն ասաց. «Զավեշտալի մի դեպք է, մի տղա է ձերբակալվել, որի տանից գտել են սպորտային պարագաներ սթրայք–բոլ խաղալու և դա փորձում են կապել, որ գուցե հնարավոր է ինչ-որ պայթուցիկ նյութեր և այլն, և այլն։
Դա իրենց համար նվեր էր։ Իմանալով, որ այդ տղան Դաշնակցության ՀԵՄ անդամ է, բերել կապել են սա Դաշնակցության հետ։ Այդ տղային մեղադրում են պայթուցիկներ պահելու մեջ»։