Թբիլիսին Կիևից լրացուցիչ տեղեկությունների է սպասում պայթուցիկներով բեռի մասին, որը Ուկրաինայից Ռուսաստան էր տեղափոխվելու Վրաստանի տարածքով, ասել է հանրապետության պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչ Բասա Մգելաձեն։
«Այս դեպքում մենք կհամագործակցենք ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև այն երկրների հետ, որոնցով անցել է այդ բեռը: Մենք Ուկրաինային տեղեկատվություն ենք տրամադրել այդ փաստի վերաբերյալ և սպասում ենք նրանցից լրացուցիչ տեղեկությունների, որոնք կօգնեն հետաքննությանը»,-ասել է նա:
Երկուշաբթի ավելի վաղ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր Օդեսայից Վորոնեժ տեղափոխվող բեռների կալանման մասին։ Նրանք հայտնաբերել են պայթուցիկ սարքեր՝ թաքցված էլեկտրական մեքենաների մարտկոցներում։ Ինչպես նշվում է, դրանք Վրաստան են բերվել Օդեսայից՝ Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով՝ Ուկրաինայի քաղաքացուն պատկանող միկրոավտոբուսով։
Նախաքննությունը շարունակվում է պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերման և պահպանման դեպքի առթիվ։
Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ այս պատմության մեջ ներգրավված են Վրաստանի, Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ։ Կազմակերպիչը ուկրաինացի է։ Պետական անվտանգության ծառայությունը միաժամանակ չի բացառել, որ գործը վերաորակվի որպես ահաբեկչություն նախապատրաստելու հոդված։



