Վրաստանը Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներ չի սահմանել և չի սահմանի, քանի որ դա լուրջ վնաս կհասցնի հանրապետությանը։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։
«Մենք չենք կարող և չենք սահմանի պատժամիջոցներ, քանի որ դա փաստացի ոչ մի ազդեցություն չի ունենա Ռուսաստանի վրա, բայց լուրջ վնաս կհասցնի Վրաստանին», - ասել է Բոչորիշվիլին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում։
Այս շաբաթ Թբիլիսիում Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Վրաստանի իշխանություններին հրաժարվել ռուսական նավթամթերքի գնումներից և միանալ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցներին։
Վրաստանի կառավարությունը 2022 թվականի փետրվարին հրապարակավ հայտարարել էր արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին միանալուց հրաժարվելու մասին՝ պատճառաբանելով, որ նման քայլը կհանգեցնի հանրապետության տնտեսության զգալի անկմանը։ Միևնույն ժամանակ, Վրաստանը պահպանում է Ռուսաստանի դեմ այն միջազգային պատժամիջոցները, որոնք կապված են իր տարածքով ֆինանսների և ապրանքների տեղաշարժի հետ։



