Վրաստանում մինչև երեք տարվա ազատազրկում կսահմ...

Իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» խմբակցությունը քրեական օրենսգրքում փոփոխություններ է ներկայացրել, որոնց համաձայն՝ պետական իշխանության մարմիններին չենթարկվելու համակարգված կոչերը կպատժվեն մինչև երեք տարի ժամկետով ազատազրկմամբ։

Քրեական օրենսգրքում փոփոխությունները ներկայացրել է Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արչիլ Գորդուլաձեն։

Հանձնաժողովի նիստում Գորդուլաձեն երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «Դրամաշնորհների մասին» օրինագիծը, որով կկանխվեն Վրաստանում անկարգությունների ֆինանսավորման շրջանցիկ ուղիները։ Օրինագծերի փաթեթը ներառում է նաև փոփոխություններ քրեական օրենսգրքում, որն իշխող կուսակցությունը որոշել է երկրորդ ընթերցման փուլում համալրել իշխանության լեգիտիմությունը չճանաչելու հարցին վերաբերող կետերով։

«Ցավոք, իրողությունն այնպիսին է, որ կան անձինք, ովքեր համակարգված կերպով չեն ճանաչում սահմանադրությունը, սահմանադրական կարգը։ Իրենց գործողություններով նրանք իրականում վտանգ են ստեղծում Վրաստանի ինքնիշխանության համար։ Միևնույն ժամանակ, նրանք չեն ճանաչում ժողովրդավարության կարևորագույն սկզբունքը, որ Վրաստանում որոշումներն ընդունում է վրաց ժողովուրդը», — նիստի ժամանակ հայտարարել է Գորդուլաձեն։

Նրա խոսքով՝ նախատեսվում է քրեական օրենսգիրքը լրացնել սահմանադրական կարգի դեմ էքստրեմիզմի մասին հոդվածով: Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ սահմանվում է տուգանք կամ պատիժ։ Կարող է մինչև երեք տարի ժամկետով ազատազրկում սահմանվել՝ օրենքի զանգվածային խախտման, պետական մարմիններին զանգվածային անհնազանդության և իշխանության այլընտրանքային մարմինների ստեղծման համակարգված ու հրապարակային կոչերի համար։ Քրեորեն պատժելի կլինի նաև սեփական անձին կամ այլ անձանց ինքնակամ որպես իշխանության ներկայացուցիչ հռչակելը։ Նորմը վերաբերելու է այն գործողություններին, որոնց նպատակը հասարակության մեջ սահմանադրական կարգի ոչ լեգիտիմ լինելու ընկալում ստեղծելն է և որոնք վնասում են պետական շահերին։

Բացի այդ, Վրաստանի քրեական օրենսգրքի 53-րդ հոդվածը (ծանրացուցիչ հանգամանքների մասին) նախատեսվում է լրացնել մի կետով՝ հանցագործության կատարումը սահմանադրական կարգը կամ սահմանադրական մարմինները չճանաչելու դրդապատճառով: Եթե հանցագործության կատարման ժամանակ նման դրդապատճառ հայտնաբերվի՝ բանտարկության ժամկետը կավելանա առնվազն մեկ տարով:

Միևնույն ժամանակ, Գորդուլաձեն պարզաբանել է, որ սահմանազատում կլինի այսպես կոչված «պերֆորմանսի» (այսինքն՝ մարդու կողմից իշխանության լեգիտիմությունը չճանաչելու մասին մեկանգամյա բարձրաձայն հայտարարության) և նպատակաուղղված համակարգված հայտարարությունների միջև։