Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է «օրենքով գողերի» աշխարհի հետ կապ ունեցող 49 անձի և հեռակա կարգով քրեական պատասխանատվության է ենթարկել 14 անձի, այդ թվում՝ 5 «օրենքով գողի»։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն՝ փոխանցում է «Գրուզիա Օնլայնը»։
Դարախվելիձեի խոսքով՝ նրանք մեղադրվում են «գողական աշխարհին անդամակցելու», «գողական հավաքներին մասնակցելու», «գողական աշխարհի գործունեությանն աջակցելու» և «գողական աշխարհի անդամին դիմելու» մեջ։ Ձերբակալվածների մեծ մասը նախկինում դատապարտված է եղել տարբեր ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար։
Նրա խոսքով՝ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները վերոնշյալ ոստիկանական գործողությունը իրականացրել են դատավորի որոշման հիման վրա։
«Դատավորի որոշման հիման վրա իրավապահների կողմից վերջին մի քանի ամիսների ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ մեղադրյալները կապի մեջ են եղել արտերկրում գտնվող այսպես կոչված «օրենքով գողերի» հետ, կատարել են նրանց հանձնարարությունները և ակտիվորեն մասնակցել «գողական աշխարհի» գործունեությանը:
Նաև հաստատվել է, որ մեղադրյալների և վիճաբանող կողմերի մասնակցությամբ տարբեր ժամանակահատվածներում Վրաստանում և արտերկրում կազմակերպվել են այսպես կոչված «գողական հաշվեհարդարներ», որոնց մասնակցել են նաև արտասահմանում գտնվող «օրենքով գողերը», - հայտնել է Դարախվելիձեն:
Նրա խոսքով՝ մեղադրյալների անձնական և բնակարանների խուզարկությունների արդյունքում ոստիկանությունը որպես իրեղեն ապացույց առգրավել է համակարգչային տեխնիկա և բջջային հեռախոսներ, որոնց միջոցով նրանք կապ են հաստատել միմյանց և արտերկրում գտնվող «օրենքով գողերի» հետ։ Բացի այդ, խուզարկությունների ընթացքում առգրավվել է հրազեն։
«Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 223-րդ պրիմ, 223-րդ սեկունդա, 223-րդ տերցիա և 223-րդ կվարտա հոդվածներով, որոնք մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում են նախատեսում», - հայտարարել է Ալեքսանդր Դարախվելիձեն:



