Քութայիսում երկու օտարերկրյա քաղաքացի են ձերբակալվել միջուկային նյութերի՝ ուրանի և ցեզիում-137-ի ապօրինի ձեռքբերման փորձի ժամանակ։ Այս մասին հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) փոխղեկավար Լաշա Մաղրաձեն, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։
Նրա խոսքով՝ ձերբակալվածները ծրագրել էին ապրանքի համար վճարել 3 միլիոն դոլար, իսկ այնուհետև այն ապօրինի կերպով տեղափոխել այլ երկրի տարածք։
«Հանցավոր ծրագիրն իրականացնելու համար օտարերկրյա քաղաքացիները վերջին շաբաթների ընթացքում պարբերաբար ժամանել են Վրաստան և ակտիվորեն զբաղվել միջուկային նյութերի ու ռադիոակտիվ նյութերի ձեռքբերման և տեղափոխման համար նպաստավոր պայմանների ստեղծմամբ», - հայտնել են ՊԱԾ-ից։
Մաղրաձեն չի հստակեցրել, թե որ երկրի քաղաքացիներ են ձերբակալվածները։ ՊԱԾ-ի տարածած կադրերում երևում են միջին տարիքի երկու սպիտակամորթ տղամարդիկ, որոնց դեմքերը ծածկված են։
Մաղրաձեն նշել է, որ ուրանն ու ցեզիում-137-ը «որպես կանոն, օգտագործվում են տարբեր հանցավոր, այդ թվում՝ ահաբեկչական նպատակներով»։
Քննությունը շարունակվում է «միջուկային նյութերի ապօրինի ձեռքբերման փորձ» հոդվածով (Վրաստանի Քրեական օրենսգրքի 19-230-րդ հոդված)։



