Վրաստանում 12-15 տարեկաները կարող են պատվաստվ...

Վրաստանում 12-15 տարեկան երեխաներին թույլատրվում է պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Jnews-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։

Խորհուրդն ընդունել է նոր հակահամաճարակային կանոններ, ըստ որի՝ 12-15 տարիքի անձանց ևս թույլ կտրվի պատվաստվել Pfizer պատվաստանյութով։

«Այսպիսով, ծնողների որոշմամբ և համաձայնությամբ, որն անհրաժեշտ պայման է անչափահասների պատվաստման համար, 12-ից 15 տարեկան երեխաները ևս կարող են դիմել պատվաստման կենտրոններ և պատվաստվել Pfizer պատվաստանյութի ամբողջական չափաբաժնով»,- հավելել է նա։

Գաբունիայի խոսքով, երեխաների մոտ վարակվածության մակարդակը բարձր չէ։

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքով, Վրաստանում Pfizer-ի մոտ 900 հազար չափաբաժին կա։

Մինչ այժմ Վրաստանում Pfizer պատվաստանյութով կարող էին պատվաստվել միայն 16 տարեկանից բարձր քաղաքացիները։