Իրար «կռիլո» քսած երկու մեքենան կարող է 2 կմ-...

50-80 հազար դրամանոց ավտովթարները, իրար «կռիլո» քսած երկու ավտոն կարող են երկու կիլոմետրանոց խցանում ստեղծել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12–ին, Երևանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Եթե, ասենք, երեք գծանոց Մյասնիկյան պողոտայի երկու գիծը իրենք փակում են և մի ահռելի երկու կիլոմետրանոց խցանում է տեղի ունենում։

Ուզում եմ հիշեցնել, որ Երևանի ՏԻՄ օրենքի փոփոխությունների շրջանակում մենք հստակ տուգանք ենք դրել վթարի դեպքում 15 րոպեից ավել կանգնելու համար, եթե լուրջ հետևանքներ չկան։

Սիրելի Երևանցիներ, եթե դուք ինչ-որ վթարի եք ենթարկվել և դա իրապես առողջական հետևանքներ չունի, նամանավանդ եթե դա պիկ ժամին է, 15 րոպեից ավել կայանելու դեպքում կարող եք տուգանվել։ Սիրելի ԱՊՊԱ գործակալություններ, սա հստակ մեսիջ է ձեզ, որ չի կարելի պահանջել մարդկանցից ավելին, քան այն ինչը որ գրված է թղթի վրա։ Այսինքն մարդիկ դուրս եկան, նկարեցին, պետք է շարժվեն, գնան, որովհետև հետո 15 րոպե հետո մենք կամ մեր ՆԳՆ գործընկերները ստիպված ենք լինելու գալու և այդ մարդկանց տուգանելու։

Մեր ապահովագրականները պետք է նորարարական մեթոդներ գտնեն, թե ինչպես արձանագրել վնասի չափը, որովհետև չի կարող մեկ վթարի պատճառով ամբողջ Միասնիկյան պողոտան կանգնել։

Մեր հասարակական կարգի պահպանման ծառայությանը հանձնարարում եմ՝ մոտակա 2 ամսվա ընթացքում տեսահսկման մեր սարքերով գտնել վթարները, մարդ ուղարկել, տեղում, 15 րոպեն հաշվել ու սկսել տուգանել, որովհետև մենք պետք է գիտակցենք, որ այդ 50 000 դրամանոց «կռիլոյի» պատճառով, որը ահովագրական ընկերությունը մտածում է 50 պիտի տա, թե 52 պիտի տար, թե 43-ով կպրծնի, բոլոր երևանցիները տասնյակ միլիոնավոր դրամների տուգանվում ենք, որ կանգնած են այդ խցանման մեջ։ Հերիք է, կարծում եմ, ժամանակը եկել է, որ մենք մի քայլ առաջ անենք, արդեն շատ ուշացած է այս քայլը։

Սա շատ հստակ մեսիջ է մեր ապահովագրական ընկերություններին, որոնք այդտեղ ունեն որոշակի շահեր։ Այդ կոմֆորտ զոնայից պետք է դուրս գալ, մտածել նորարարական մեթոդների մասին, որովհետև ես վստահ եմ, որ դատարաններում հետո ապահովագրական ընկերությունները պարտվելու են։ Որովհետև այս պետությունը ասել է՝ մեր ճանապարհային երթևեկության անխափան շարժունակությունը ավելի կարևոր է, քան ձեր, այսպես ասած, 50 կամ 60 հազար դրամի ռիսկը»,–ասաց նա։