Չորս օր տևած անձրևն ու ուժեղ քամին խնդիրներ են ստեղծել Վրաստանի Սամեգրելոյի շրջանի Փոթիի, Չխորոծկղուի և Զուգդիդիի մունիցիպալիտետներում։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Աղետից տուժել է հատկապես Փոթին, որտեղ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, դպրոցներում և մանկապարտեզներում դադարեցվել է ուսումնական գործընթացը։ Պատճառն այս հաստատությունների բակերի և մուտքի ճանապարհների հեղեղումն է։
Փոթիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնել են՝ ուսումնական գործընթացը կվերսկսվի ստեղծված իրավիճակի բարելավմանը զուգահեռ։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան տվյալներով՝ մունիցիպալիտետի ողջ տարածքում վնասվել է մոտ 300 տուն։ Քամին պոկել է որոշ տների տանիքը, մասամբ էլ ջրի տակ են հայտնվել տների առաջին հարկերը։
Չխորոծկղուի մի քանի գյուղերում չդադարող անձրևի պատճառով հեղեղվել են ներքին ճանապարհները, վնասվել են կամուրջներ։ Քաղաքապետ Դավիթ Գոգուան ասել է՝ առատ տեղումների պատճառով Սարաքոն և Լեծուրծումե գյուղում սողանք է տեղի ունեցել։ Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել գյուղից մեկ ընտանիքի տարհանել։
Հորդառատ անձրևը խնդիրներ է ստեղծել հիմնականում Զուգդիդիի մունիցիպալիտետի Անակլիայի վարչական միավորում։ Այստեղ ջրի տակ են անցել մի քանի բնակելի տների առաջին հարկեր և տնակներ։
Քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումներն առաջացրել են գետերի զգալի վարարումներ, ջրահեռացման ջրանցքների վարարումներ և հեղեղումներ։ Անակլիայի ռեկուլտիվացիոն ալիքը չի կարողացել դիմակայել ավելցուկային հոսքին, որը ստեղծել է ողջ տարածքը հեղեղելու վտանգ։ Քաղաքապետարանում, սակայն, պնդում են, որ նոր, լրացուցիչ ռեկուլտիվացիոն ալիք է բացվել, եղածն ընդլայնվել է, վտանգը՝ վերացվել։
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանի Սենակի և Աբաշի մունիցիպալիտետներում հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել են գյուղատնտեսական հողատարածքներ։
Նշվում է, որ Սամեգրելոյում արդեն չորս օր է, ինչ անձրև է տեղում, տեղ-տեղ ուժեղ քամի է։ Օդերևութաբանները հոկտեմբերի 22-ից Արևմտյան Վրաստանում կրկին անձրև և ամպրոպ են կանխատեսում: