Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փոխանցել է ինձ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպման մասին առաջարկը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի Աթաթուրքի օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախքան ՄԱԿ-ի ԳՎ 76-րդ նստաշրջանում մասնակցելու համար ԱՄՆ մեկնելը, հաղորդում է Անատոլիական գործակալությունը:
«Վրաստանի վարչապետն ինձ փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկը հանդիպում անցկացնելու մասին: Սակայն դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի: Եթե այդ հանդիպումը կայանա, ապա Թուրքիան եւս կհաստատի դիվանագիտական հարաբերություններ»,-ասել է Էրդողանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ միջանցք բացելու ծրագրի մասին:
Էրդողանի խոսքով՝ միջանցքը բացելու կամ բացման հարցում մերժելու մասին հարցը քաղաքական է:
Նա նաեւ հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում դժվարությունները կհաղթահարվեն «զանգեզուրյան միջանցքը» բացելու միջոցով:
Հիշեցնենք, որ հայկական ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն՝ մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը Վրաստան էր ժամանել պաշտոնական այցով, որն ավարտվել էր Բաթում քաղաքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Վրաստանի վարչապետի հետ ոչ ֆորմալ հանդիպմամբ: «Փաստ» թերթին հայտնի էին դարձել այցի «բաթումյան մասի» ուշագրավ մանրամասները:
«Ինչպես հաղորդում են մեր վրացական աղբյուրները, այդ օրը Փաշինյանն անսպասելիորեն «անհետացել էր» Բաթումից շուրջ 3-4 ժամով, եւ նրա գտնվելու վայրի մասին չգիտեր ո՛չ վրացական կողմը, ո՛չ էլ վարչապետի աշխատակիցները: Մեզ չհաջողվեց պարզել՝ ով էր ուղեկցում կամ արդյոք ուղեկցում էին վարչապետին այդ ընթացքում: Հայտնի չէ նաեւ, թե այդ ժամանակ որտեղ է գտնվել Փաշինյանը: