Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «օտ...

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոն խորհրդարանը հաղթահարել էր օրեր առաջ։ Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։

Այս օրենքով նախատեսվում է, որ հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ները, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվեն որպես «օտարերկրյա ուժի շահերը հետապնդող» կազմակերպություններ։ Եթե ​​իրավաբանական անձը բավարարում է այդ պահանջները՝ ըստ 2023 թվականի եկամուտների, ապա մեկ ամսվա ընթացքում պետք է գրանցվի հատուկ գրանցամատյանում և լրացնի ամենամյա ֆինանսական հայտարարագիր։

Սահմանված ժամկետում գրանցումից հրաժարվելը կամ հայտարարագիրը չլրացնելը ենթակա է 25 հազար լարի տուգանքի։

Օրենքի համաձայն՝ Վրաստանի արդարադատության նախարարության լիազոր անձն իրավունք ունի ցանկացած պահի իրականացնել հեռավար մոնիթորինգ (հարցի պատշաճ հետազոտություն և ուսումնասիրություն)՝ բացահայտելու օտարերկրյա ուժի շահերը հետապնդող կազմակերպությունները կամ ստուգելու օրենքի պահանջների կատարումը։

Վրաստանի իշխանությունները հայտնում են, որ օրենքը կոչված է ապահովելու ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկությունը։

Օրենքի ընդունումը Վրաստանում առիթ է դարձել բազմահազարանոց ցույցերի, որոնք վերածվել են իրավապահների հետ բախումների։

ԱՄՆ-ում և ԵՄ-ում նախազգուշացրել են, որ օրենքի ընդունումը կարող է սպառնալ Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։