Վրաստանի իշխանությունները կպաշտպանեն Մեծ Բրիտ...

Վրացական Imedi TV և POSTV հեռուստաալիքների դեմ Մեծ Բրիտանիայի սահմանած պատժամիջոցներն անարդար են և անհիմն։ Այդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Սա Վրաստանի նկատմամբ առաջին անարդար վերաբերմունքը չէ, և այն ոչ մի պարագայում ընդունելի չէ։ Մենք բազմիցս նշել ենք, որ հարգում ենք բոլոր երկրներին, այդ թվում՝ Եվրամիության անդամներին, բայց նրանք ևս պետք է հարգեն մեզ և մեր ինքնիշխանությունը։ Որքան էլ մեծ լինի երկիրը, այն չպետք է միջամտի մեկ այլ երկրի ներքաղաքական գործերին»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատժամիջոցների ցուցակում են ներառել վրացական Imedi TV և POSTV հեռուստաալիքները։ Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի տարածած փաստաթղթում նշվում է, որ այդ հեռուստաալիքները «միտումնավոր մոլորեցնող տեղեկատվություն են տարածել» ուկրաինական հակամարտության մասին:

Կալաձեի խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երբ Վրաստանը վերջին շրջանում բախվում է Արևմուտքի պատժամիջոցներին։