Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրե...

Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեին՝ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք հանցագործությունները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար։ Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Մամուկա Խազարաձեին՝ Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի իրավական պահանջը չկատարելու համար»,- ասվում է տեքստում։

Խազարաձեն, ով խոշոր TBC բանկի հիմնադիրներից է, հրավիրվել է հանձնաժողովի նիստին մարտի 25-ին: Հանձնաժողովը նախատեսում էր հարցաքննել նրան Սաակաշվիլիի կառավարման ժամանակ տուժող անհատ ձեռնարկատերերի գործերով: Նրանցից շատերը զգալի գումարներ են կորցրել TBC բանկից վարկեր ունենալով։

Քննչական կոմիտեն նաև կասկածում է, որ բանկը ժամանակի իշխանությունների հետ գործարքի է գնացել, և որ դրա ղեկավարները պատասխանատու են այն դեպքերի համար, երբ գործարարներին շորթում էին, սնանկացնում և բանտարկում էին կեղծ պատրվակներով։

Ինչպես պարզաբանել է դատախազությունը, մարտի 22-ին Խազարաձեն ծանուցում է ստացել հանձնաժողովի նիստին ներկայանալու անհրաժեշտության մասին, սակայն չի ներկայացել։ Վրաստանի Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջները չկատարելը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, ինչպես նաև մինչև երեք տարի ժամկետով գործունեության իրավունքից զրկելով։

Չներկայանալով խորհրդարան՝ Խազարաձեն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ միտումնավոր չի եկել խորհրդարան և հանձնաժողովի նիստերն անվանել է «կրկեսային ներկայացում»։