
Երեկ վրացական կողմը խոստացել է հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար մեքենայի թույլ տալ հատել սահմանը: Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, թե արդեն 33 մեքենայի թույլտվություն են տվել:
«Վրացական կողմը խոստացել է լուծել այդ հարցը, իրենք որոշակի մեխանիզմ են առաջարկել, այդ մեխանիզմով մենք շարունակում ենք աշխատել», - ասաց Գևորգ Պապոյանը:
Վրաստանն արգելում է այդ երկրի տարածքով հայկական կոնյակ արտահանող բեռնատարներին հատել սահմանը՝ փորձաքննություններ անցկացնելու պատճառաբանությամբ:
Վրացական կողմն, ըստ Պապոյանի, ասում է, թե իրենք կասկած ունեն, որ արտահանվող կոնյակների մի մասը կոնյակ չէ, և պետք է որոշակի փորձաքննություն իրականացնել:
Նախարարը պնդեց՝ այդպիսի փորձաքննության իրավունք տարանցիկ երկիրը չունի, դա կարող է իրականացնել միայն ապրանքը ստացող երկիրը: