Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 60-ամյա Կազբեկ Ագուզարովը իր վարած MANN մակնիշի գազատար ավտոցիստեռնով Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին՝ Հաղպատից դեպքի Ախթալա ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է հողաթմբերին ու քարերին և կողաշրջվել:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեջանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, դասակի հրամանատար Վիկտոր Սարգսյանի գլխավորությամբ: 
 
Վթարի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է ու ամբողջությամբ փակել ճանապարհը: 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Արտակ Սմբատյանն ու պարեկ Դավիթ Պողոսյանը:
 
Վթարի մասին ոստիկանության Թումանյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Դավիթ Ղազախեցյանի, Արման Գալստյանի և Թումանյանի քննչական բաժնի պետ Յուրիկ Բաղդասարյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: 

Այս պահին ոստիկաններն ու պարեկները քաղաքացիների օգնությամբ փորձում են 2 վերամբարձ կռունկների միջոցով ավտոմեքնան տեղափոխել ճանապարհից: 

Լուսանկարները՝ էդիկ Սիմոնյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։