Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում սահմանեց «Անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորման կարգը»:
Մշակված նախագծով սահմանվում են նախաորակավորման այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող անձինք, ինչպես նաև սահմանվել է անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկման բոլորովին նոր ընթացակարգ՝ մրցույթի տարրերով։
Մասնավորապես, առաջարկվում է հիմնել հանձնաժողով, որը կիրականացնի անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու հավակնություն ունեցող սուբյեկտների ենթադրյալ գործունեության նախնական գնահատում՝ առկա առաջարկներից ընտրելով լավագույններին, ինչից հետո միայն ընտրված լավագույն առաջարկները իրականություն դառնալու հնարավորություն կստանան:
Գործող կարգավորումներով Անմաքս առևտրի խանութների սահմանափակ տարածքը (պետական սահմանի անցման կետերի մաքսային հսկողության գոտիները) վարձակալելը կամ այդպիսի տարածքին տիրապետելը անմաքս առևտրի խանութների ռեեստրում գրանցման համար պարտադիր պայման է:
Սա նշանակում է, որ այդ տարածքում անմաքս առևտրի խանութի գործունեություն կարող է կազմակերպել միայն և բացառապես տարածքի վարձակալը:
Այս որոշումով փոփոխվում է գործողությունների հաջորդականությունն ու տրամաբանությունը՝ սահմանելով, որ անմաքս առևտրի խանութի կազմակերպման համար մրցույթին կարող են մասնակցել միայն նախաորակավորում ունեցող իրավաբանական անձինք՝ միևնույն ժամանակ մրցակցային դաշտ ապահովելով նախաորակավորման արդյունքում հավակնություններ ունեցող սուբյեկտների համար:
Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է բարելավել անմաքս առևտրի խանութների հաշվետվողական համակարգը, վերահսկելի դարձնել անմաքս առևտրի խանութների գործունեությունը: