Երևանի քաղաքային ՔՊ-ական իշխանությունը խցանումների դեմ պայքարի նոր մեթոդ է գտել․ Հայաստանի մարզաբնակ քաղաքացիները պետք է իրենց անձնական մեքենաներով քաղաք չմտնեն։
«Պետք է մենք գնանք նրան, ըստ էության, որ մարդիկ գան որոշակի կետում իրենց ավտոմեքենաները թողնեն քաղաքի մուտքերի մոտ, որից հետո հանրային տրանսպորտով երթևեկեն։ Սա մեր ռազմավարական նպատակն է»,– օրերս իր հարցազրույցներից մեկում ասել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ խոսելով մայրաքաղաքի խցանումների և դրանցում մարզերից եկող մեքենաների դերի մասին։
Այս հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունները սորտավորում են Հայաստանի քաղաքացիներին։ Ստացվում է՝ երևանցիներն արտոնյալ են, իսկ մարզաբնակները՝ երկրորդ սորտի քաղաքացիներ, որոնք չպետք է հնարավորություն ունենան սեփական մեքենաներով ազատ մուտք գործելու մայրաքաղաք։
Աղմուկի ֆոնին Սուրեն Գրիգորյանը փորձեց մեղմել իր խոսքը, սակայն դրանից էական բան չփոխվեց։
«Հատուկ ընդգծել եմ, որ խոսքը ոչ թե վաղվանից ներդրվող համակարգի, այլ ռազմավարական նպատակի մասին է, որին պետք է փուլ առ փուլ հասնել»,– պարզաբանել է փոխքաղաքապետը։
Գրիգորյանի այս պարզաբանումը ոչ թե փարատում, այլ ավելի է խորացնում մտահոգությունները։
Երևանը միայն երևանցիների քաղաքը չէ։ Այն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է, որի պահպանմանն ու զարգացմանը մասնակցում են նաև մարզաբնակ քաղաքացիները՝ իրենց վճարած հարկերով։ Քաղաքային բյուջեն նույնպես համալրվում է համապետական բյուջեից հատկացվող միջոցներով։
Փոխանակ լուծելու խցանումների իրական պատճառները, զարգացնելու հանրային տրանսպորտն ու ճանապարհային ենթակառուցվածքները՝ ՔՊ-ական իշխանությունը փորձում է խնդիրը լուծել քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելու տրամաբանությամբ։
Եթե այսպես շարունակի ՔՊ-ական իշխանությունը, ապա մի օր էլ գուցե մարզաբնակներին համարակալեն ու թույլ չտան ընդհանրապես Երևան մտնել։ Կամ, ինչո՞ւ ոչ, մայրաքաղաք մուտք գործելու համար վիզային ռեժիմ կհաստատեն։
Երևանը ՔՊ-ի մասնավոր սեփականությունը չէ, իսկ մարզաբնակները երկրորդ սորտի քաղաքացիներ չեն, որ իրենց երկրի մայրաքաղաք մտնելու համար իշխանությունների թույլտվության կարիքն ունենան։
Նկարը ստեղծված է AI-ով



